Հայաստանն ակնկալում է մարտից ունենալ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի որոշակի խմբաքանակ

Հայաստանն ակնկալում է մարտից արդեն ունենալ Covid-19-ի դեմ պատվաստանյութի որոշակի խմբաքանակ՝ էտապներով պատվաստումների գործընթացը սկսելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք առաջիկայում կունենանք կոնկրետ ժամկետներ, թե երբ ենք ստանալու: Դիմել ենք, արդեն բանակցությունների շրջանն ավարտվել է, և առաջիկայում կիմանաք, թե երբ ենք ստանալու»,-ասաց Ավանեսյանը:

Երբ պարզ կլինի ներմուծման կոնկրետ ժամկետը, այդ ժամանակ կհրապարակվի պատվաստումների գրաֆիկը: «Ակնկալում ենք մարտից արդեն ունենալ որոշակի խմբաքանակ՝ էտապներով պատվաստման գործընթացը սկսելու համար: Որոշվել են ռիսկային խմբերը, և ըստ այդ հրամանի՝ ռիսկային խմբերում ներգրավված անձինք կունենան պատվաստման առաջնահերթություն»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը վստահեցրեց, որ իրենք աշխատում են մի քանի հարթակներում՝ ունենալու պատվաստանյութերի լավագույն տարբերակները և բնակչությանը ապահովելու հնարավորինս մատչելի և որակյալ պատվաստանյութով: Հայաստանը վստահաբար կկիրառի նաև ռուսական Sputnik V պատվաստանյութը, սակայն դա կլինի առաջինը, թե երկրորդը, նախարարը դեռ չի կարող ասել: Գնահատվում են բոլոր առաջարկվող պատվաստանյութերը: Հայաստանում պատվաստումները միայն կամավոր բնույթ են կրելու:

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանից ավելի վաղ նվեր ստացված «Sputnik V» պատվաստանյութով Հայաստանում մոտ 15 հոգի է պատվաստվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար տարվող բանակցությունների արդյունքում Հայաստանն առաջիկայում ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: Հայաստանը համաձայնագիր ունի «COVAX FACILITY» նախաձեռնության հետ, որը պայմանավորվածություններ է ձեռք բերում: Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ «COVAX FACILITY»-ն առաջարկել է Հայաստանին և, քանի որ գինը մատչելի է եղել և ավելի շուտ կհասնի, համաձայնել են, որպեսզի այն բերվի: Առաջին փուլում հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները: