Հայաստանում որակյալ կրթական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունն առաջնային է, սակայն դրա ճանապարհին կան բազմաթիվ դժվարություններ, որոնց թվում է նաև գենդերային անհավասար միջավայրը հայաստանյան դպրոցներում։
Ինչպես ցույց են տալիս «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության «Կրթության իրավունքի հասանելիության և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության արդյունքները, հայաստանյան հասարակության մեջ, այդ թվում՝ ուսուցիչների միջավայրում, կան երեխաների կրթությանն ու մոտիվացմանը վերաբերող կարծրատիպային մոդելներ, որոնք վերարտադրվում են աշակերտների մոտեցումներում և վերաբերմունքի մեջ:
Մասնավորապես, խոսքը գնում է, օրինակ, այն դեպքերի մասին, երբ լավ կրթություն ստանալը ավելի առաջնային է դիտարկվում տղաների համար, քան աղջիկների, երբ որևէ պաշտոն զբաղեցնելու հեռանկարն ավելի կարևոր է համարվում տղաների համար, քան աղջիկների, և այդպես շարունակ։
Ներկայացվող հետազոտությունում, մասնավորապես, բերվում են Երևանում և մարզերում ուսուցիչների շրջանում արված հարցումների արդյունքներ, որոնք վերահաստատում են վերոնշյալ կարծրատիպերի առկայությունը։ Ընդ որում, հարցումների արդյունքները մատնանշում են նաև խնդրում առկա բացասական դինամիկան և անհրաժեշտ դարձնում համապատասխան բարեփոխումները։
Այսպես, օրինակ, ըստ հարցումների արդյունքների, 2010 թվականին հարցվածների 2 տոկոսը համարել է, որ աղջիկների համար կարևոր է բարձր վարձատրությամբ աշխատանք ունենալը, այնինչ տղաների համար դա կարևոր է համարել ուսուցիչների 26 տոկոսը։ 2017 թվականի հարցումներով արդեն, բարձր վարձատրությամբ աշխատանք ունենալն աղջիկների համար կարևոր է համարել ուսուցիչների 0,5 տոկոսը միայն, իսկ տղաների համար՝ 27։
2010 թվականի հարցումների արդյունքներով, աղջիկների համար պաշտոն զբաղեցնելը կարևոր է հարցված ուսուցիչների 2 տոկոսի համար, իսկ 2017 թվականին՝ ընդամենը մեկ տոկոսի։ Աղջիկների համար սեփականություն ունենալը 2010 թվականին կարևոր է համարել ուսուցիչների 5 տոկոսը, իսկ 2017-ին՝ 1 տոկոսը։
Սրան զուգահեռ, ըստ հարցմանը մասնակցած ուսուցիչների, աղջիկները պետք է շատ ավելի մեծ սոցիալական ճկունություն ունենան, քան տղաները։ 2010 թվականի հարցումներով, տղաների համար սոցիալական ճկունությունը կարևոր է համարել հարցված ուսուցիչների 20 տոկոսը, իսկ աղջիկների համար՝ 8 տոկոսը։ 2017 թվականին տղաների համար սոցիալական ճկունությունը կարևոր է համարել ուսուցիչների 3,4 տոկոսը միայն, իսկ աղջիկների համար՝ 21,6 տոկոսը։
Քննարկվող հետազոտության մեջ, բացի սա, ներկայացված են այլ ցուցանիշներ ևս, որոնք, սակայն, միաձայն վկայում են այն մասին, որ կնոջ դերը հայաստանյան կրթական համակարգում արժևորված չէ և աղջիկների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է բազմաթիվ արատավոր կարծրատիպերով։ Սա լրջորեն խոչընդոտում է որակյալ կրթության հասանելիությունն աղջիկների համար և երկարաժամկետ հեռանկարում կարող է ծանր խնդիրների հանգեցնել։
Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք արդեն նշել էինք, որ որակյալ կրթությունն աղքատությունը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցներից է։ Ինչքան բարձր է մարդու ստացած կրթության որակը, այնքան հետագայում նա կարող է ավելի լավ աշխատանք ու սոցիալական ապահովվածություն ունենալ, նպաստել իր երկրի զարգացմանը։ Այնինչ կրթության ձախողումը՝ երկարաժամկետ հեռանկարում, առաջ է բերում սոցիալական և ֆինանսական շատ ավելի բարձր ծախսեր՝ պետության համար։
Այս խնդիրը, սակայն, ավելի օրհասական է հատկապես աղջիկների համար, ուստի «Կրթության իրավունքի հասանելիության և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության հեղինակներն առաջարկում են մշակել և ընդունել համալիր ռազմավարություն, որը հնարավորություն կտա ապահովել խտրականությունից զերծ ու գենդերային զգայուն միջավայր՝ կրթական հաստատություններում, և որակյալ կրթություն ստանալու հավասար պայմաններ ապահովել իգական սեռի սովորողների համար։
Աղբյուրը՝ uicarmenia.org