#Intercheck. «ՀԱՊԿ զորքերը՝ Ուկրաինայում», «փախչող տանկերն» ու այլ կեղծ տեղեկություններ՝ միջազգային լրահոսում․ FIP.am

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Ուկրաինայում շարունակվող պատերազմը և դրա շուրջ տեղեկատվական հոսքը շարունակում են մնալ փաստեր ստուգողների ուշադրության կենտրոնում:

Վրացական factcheck.ge-ն ստուգել էր ռուսական Россия 1-ի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի պնդումները:

Սոլովյովը կրկնում էր ռուսական պետական պրոպագանդայի այն թեզը, որ Ռուսաստանը երբեք պատերազմ չի նախաձեռնել: Սակայն թե՛ հենց վրացական կայքը, թե՛ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել էին, որ Ռուսաստանի պատմության տարբեր շրջաններում նրանք իրականացրել են ագրեսիվ ծավալապաշտական ռազմական գործողություններ:

Բացի այդ, Սիմոնյանն ասել էր, որ ռուսական ուժերը կրակ չեն բացում քաղաքացիների ուղղությանը, սակայն factcheck.ge-ն ապացուցել էր, որ փետրվարի 24-ին մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով թիրախ են դարձել բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ էին զոհվել: Նշենք, որ այս մասին ևս  Fip.am-ը գրել էր:

Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի ստուգման կայքը անդրադարձել էր ամերիկյան NBC հեռուստաընկերությունում հնչած այն հայտարարությանը, թե Ղազախստանը հրաժարվել է իր զինված ուժերն ուղարկել Ուկրաինա՝ ի պատասխան Ռուսաստանի խնդրանքի։

Սակայն ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել էին, որ ՀԱՊԿ զորքերը կարող են օգտագործվել միայն մասնակից երկրների տարածքում, իսկ մնացած դեպքերում ղազախ խաղաղապահները կարող են այլ երկիր ուղարկվել միայն ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում։ «Այսինքն, տրամաբանորեն, նման խնդրանքը նույնիսկ չէր կարող քննարկվել և, ըստ ամենայնի, պաշտոնական մակարդակով չի հնչել»,- գրել էր կայքը՝ եզրակացնելով, որ ամերիկյան լրատվամիջոցը մանիպուլացնում է փաստերը։

Ադրբեջանական Fakt Yoxla կայքի փաստեր ստուգողները ստուգել էին սոցցանցերում տարածված լուսանկարը, որը իբրև թե պատկերում էր, թե ինչպես են ուկրաինական տանկերը փախչում մարտից: Սակայն իրականում այդ լուսանկարը հին էր և պատկերում էր 2014 թ. իրադարձությունները Մարիուպոլում: 

Միջազգային

Reuters-ի փաստեր ստուգող թիմը ստուգել է սոցցանցերում տարածվող տեսանյութերը, որոնք իբրև թե ցույց են տալիս, թե ինչպես են ուկրաինացի տղամարդիկ հրաժեշտ տալիս իրենց հարազատներին: 

Սակայն իրականում այս կադրերը վերցված են 2017 թ. Նկարահանված The War of Chimeras ֆիլմից և վերջին իրադարձությունների հետ կապ չունեն:

Ամերիկյան Snopes կայքը ամերիկացիների կողմից Lukoil բենզալցակայանները բոյկոտելու ֆոնին ստուգել է, թե արդյո՞ք այն իսկապես ռուսական է: Ըստ կայքի փաստեր ստուգողների՝ Lukoil-ը ռուսական էներգետիկ ընկերություն է, որի ամերիկյան դուստր ձեռնարկությունը վերահսկում է մոտ 230 բենզալցակայանների ցանցը: Սակայն կայքը շեշտել է նաև, որ ԱՄՆ-ում Lukoil-ի բենզալցակայաններն աշխատում են արտոնագրային հիմունքներով, ինչը նշանակում է, որ դրանք շահագործվում են տեղի ձեռներեցների կողմից և համալրված են տեղացի աշխատողներով, ինչը նշանակում է, որ Մոսկվայում ապրող Lukoil-ի ղեկավարները վնաս չեն կրի ընկերության բոյկոտից: 

Փաստերի ստուգման հարթակ