44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից թիրախավորվել էին նաեւ լրագրողները. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մարտի 10-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է Թերեզա Ռիբեյրոյին ԵԱՀԿ-ում նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում նոր մակարդակի է հասել, բայց դեռեւս շատ անելիքներ կան:

«Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն մենք վճռական ենք՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները, որպեսզի մամուլի եւ խոսքի ազատությունը Հայաստանում համապատասխանի եվրոպական ամենաբարձր չափանիշներին»,-ասել է նա:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ որպես խաղաղասեր ժողովուրդ եւ պետություն, մինչդեռ շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու ատելությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ: Նա դատապարտել է այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց, իսկ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում:

«Մենք նաեւ բախվում ենք հայկական կրոնական եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման բազմաթիվ փաստերի եւ դրվագների: Սա Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ոչնչացման քաղաքականության մի մասն է»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս թիրախավորվել էին նաեւ լրագրողներ: Ըստ Հակոբ Արշակյանի՝ նման կանխամտածված արարքը նպատակ ուներ խոչընդոտել ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունների արձանագրումն ու դրանք միջազգային հանրությանը ներկայացնելը: Այդ համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Թերեզա Ռիբեյրոյի արձագանքը Հրանտ Դինքի գործին:

Թերեզա Ռիբեյրոն անդրադարձել է տեղեկատվության հասանելիության ու մատչելիության, տեղեկատվական աղբյուրների անվտանգության, լրագրողների համար անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման կարեւորությանը: Հյուրի խոսքով՝ քաղաքական գործընթացները չպետք է ազդեն մեդիամիջավայրի վրա:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո գործունեության լիցենզիաներ են տրվել բազմաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցների: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ մեր երկիրը քայլեր է ձեռնարկել պատերազմից հետո նկատվող ատելության խոսքի դրսեւորումները մեղմելու ուղղությամբ:

Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին տարիներին մեր երկրում մեդիադաշտի առողջացմանն ուղղված բարեփոխումները՝ նշելով, որ զանգվածային լրատվության մասին օրենսդրության կատարելագործմանն ուղղված աշխատանքները շարունակական են: Պատգամավորի գնահատմամբ՝ պետությունը չպետք է միջամտի լրագրողական համայնքի ինքնակարգավորմանը, այլ պետք է փորձի աջակցել նրանց գործունեությանը:

Մարիա Կարապետյանը խոսել է հետպատերազմյան խնդիրների մասին: Պատգամավորն անդրադարձել է նաեւ նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու դեպքում պատասխանատվություն սահմանող կարգավորումներին: 

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։