Նվազագույն աշխատավարձը անփոփոխ կմնա․ կառավարության որոշումը սխալ է մեկնաբանվել․ FIP.am

Կառավարությունը մարտի 10-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց մի որոշում, որը սխալ մեկնաբանվեց մամուլի և պաշտոնատար անձանց կողմից։ 

Որոշումը վերաբերում էր Ազգային ժողովի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր ավելացնել նվազագույն աշխատավարձի շեմը։ 

Չզեկուցվող հարցերի փաթեթի ընդունումից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, թե 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68,000-ից կդառնա 80,000 դրամ։ Նշված տեղեկությունը ֆեյսբուքյան իրենց էջերում տարածեցին նաև պաշտոնատար անձինք, որոնք, սակայն, հետագայում ջնջեցին իրենց հրապարակումները։

Նրանցից մեկի՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հրապարակումը մինչև վերջինիս ջնջելը ֆիքսել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։

Մեդիայում տեղեկության որոշակի տարածումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանող հրապարակում կատարեց, ըստ որի՝ կառավարությունը ոչ թե հավանություն է տվել նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագծին, այլ գործող կարգավորումները դեռևս թողել է անփոփոխ։

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fzara.manucharyan%2Fposts%2F4673761082729228&show_text=true&width=500

Այս հրապարակումից հետո լրատվական կայքերն սկսեցին փոփոխություններ կատարել իրենց հրապարակումներում։ Օրինակ՝ armlur.am-ի հոդվածը սկզբում վերնագրված էր «2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա», սակայն հետո նույն հոդվածում փոխվեց վերնագիրը՝ նշելով, որ «Կառավարությունը մերժեց բարձրացնել նվազագույն աշխատավարձը»։ Նույն կերպ է վարվել նաև iravaban.net-ը, սակայն որոշ կայքեր փոփոխություն չեն իրականացրել և թողել են սկզբնական տարբերակը։

Հետաքրքրական է, որ լրատվամիջոցները հոդվածներում ներառել են կառավարության հիմնավորումները, սակայն եզրակացությունը, որից պարզ է դառնում որոշման բուն իմաստը, չեն գրել։

Հիմնավորման մեջ ասվում է, որ նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր: Բացի այդ, նշվում է, որ կառավարությանը ներկայացված նախագծին կից հիմնավորումից պարզ է դառնում, որ դրանում բացակայում են տնտեսական հիմնարարների տեսանկյունից վերլուծությունները, ինչպես նաև բացահայտված չեն նվազագույն ամսական աշխատավարձի աճի կարճաժամկետ և երկարաժամկետ մակրոտնտեսական ազդեցությունները և ռիսկերը։

Բացի տնտեսական ռիսկերից, կառավարությունը նշում է, որ նվազագույն աշխատավարձի չափի նոր բարձրացումն անհրաժեշտաբար կբերի նաև բազային աշխատավարձի բարձրացման: Մասնավորապես, նվազագույն ամսական աշխատավարձը 80,000 դրամ սահմանելու պարագայում բազային աշխատավարձը պետք է բարձրացնել առնվազն 29.9%-ով, որպեսզի ապահովվեն համապատասխան օրենքի պահանջները։

Ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80%-ից և գերազանցել դրա 120%-ը։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում, ըստ կառավարության հիմնավորման, բազային աշխատավարձը ցածր կլիներ 80%-ից։

Կառավարությունը մի շարք այլ հիմնավորումներ էլ է ներկայացրել և, ելնելով այս բոլոր հիմնավորումներից, առաջարկել է նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածները թողնել անփոփոխ, այսինքն՝ նվազագույն աշխատավարձը չբարձրացնել։

Այսպիսով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ կառավարության ընդունած որոշումը թե՛ լրատվամիջոցներում, թե՛ որոշ պաշտոնատար անձանց կողմից սխալ է մեկնաբանվել․ նվազագույն աշխատավարձը կմնա անփոփոխ։

Փաստերի ստուգման հարթակ