Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն կարող լինել. քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

– Պարո՛ն Քեռյան, Հայաստանում ընդդիմությունը մի քանի թևերի է բաժանված, և նրանց պահանջներն էլ կարծես նույնը չեն: Խնդրում եմ ներկայացրեք Հայաստանի քաղաքական դաշտը, ի՞նչ վիճակ է:

– Ընդդիմությունը փորձում է իշխանափոխություն իրականացնելու համար օգտագործել Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական բարդ իրադրությունը, որը կապված է Ադրբեջանի հետ լարվածության սրման հետ, ինչն էլ իր հերթին հետևանք է հետպատերազմյան խնդիրների, սահմանազատման, միջանցքի հետ կապված խնդիրների:

Դա արդեն քաղաքական պայքարի տրամաբանության մեջ է մտնում: Մենք չենք կարող այսօր մեկ այլ ուժի մեղադրել, որովհետև դա է պայքարի օրենքը: Մինչ իշխանությունը փորձում է լուծել խնդիրը, պարզերես դուրս գալ, ընդդիմությունն էլ ման է գալիս իշխանության գործունեության մեջ սխալներ, որոնք կարող է օգտագործել իշխանափոխության գործընթացն ավարտելու համար:

– Ստացվում է՝ ընդդիմությունը չի կարող արտաքին քաղաքական առումով իրավիճակ փոխել, և երկիրը «դավաճանի ձեռքից փրկելու» մասին հայտարարությունները իշխանություն ունենալու համա՞ր են:

– Ես, ճիշտն ասած, իրավիճակը ներկայացնում եմ քաղաքական տեսանկյունից: Հիմա եթե ես հայտարարեմ, որ ընդդիմությունն ամեն լծակ օգտագործելով ձգտում է իշխանության, որովհետև նրան իշխանությունն է հետաքրքրում, կամ եթե ասեմ, որ իշխանությունն արդար է և այլն, կլինեմ կուսակցական, և իմ գնահատականը օբյեկտիվ չի լինի:

Իմ անկողմնակալ գնահատականն այն է, որ ստեղծված բարդ իրավիճակը կապված է հետպատերազմյան խնդիրների, Ադրբեջանի հետ կոնֆլիկտայնության սրման, ինչն էլ, պարզ է, ամենահարմար պահն է ճնշումն ուժեղացնել ու իշխանափոխության հասնել: Ահա այս է պատճառը, որ վերջին շրջանում նկատվում է ընդդիմության ակտիվացում:

Բայց մի հետաքրքիր բան ասեմ. ստեղծվել է աբսուրդային իրավիճակ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական թիմին իշխանությունից հեռացնելու միասնական նպատակ կա ընդդիմադիր բոլոր ուժերի մոտ, բայց զարմանալի է, որ ոչ մի միավորում չկա: Այսօր ունենք հանրահավաքային պայքարի երեք կենտրոն՝ «Հայաստան» և նրա հետ համագործակցող «Պատիվ ունեմ» դաշինքներ, Ազգային- ժողովրդավարական բևեռ և Ազգային դիմադրության շարժում: Փաստացի ունենք երեք կենտրոն, որոնք առավել շատ են իրենց զգալ տալիս, բայց միավորում չկա: Նրանց նպատակը նույնն է, բայց միավորում չկա:

– Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ միավորում չի ստացվում:

– Այդ առումով տարբեր կարծիքներ կարող են լինել: Օրինակ՝ կարող է պատճառներից մեկը լինել աշխարհաքաղաքական տարբերությունը, Ազգային- ժողովրդավարական բևեռը վառ արևմտամետ է, «Հայաստան» դաշինքի լիդերները միշտ են պրոռուսական կողմնորոշում ունեցել, իսկ մյուս շարժումն էլ առայժմ ոչինչ չի ասում:

Առանձնահատկությունն այն է այս դաշտի, որ ունենալով մեկ նպատակ, չեն կարողանում միավորվել: Իսկ ստեղծված իրավիճակը շատ ձեռնտու է իշխանություններին, որովհետև ընդդիմությունը առանձին-առանձին գործելով՝ փոշիացնում է ռեսուրսը, մեծ արդյունքի չի կարող հասնել: Բացի այդ, ընդդիմության համակիրների բանակն էլ քիչ է, հազիվ՝ 4-5 հազար, ինչը շատ քիչ է իշխանափոխություն անելու համար:

– Այսինքն՝ այսօր իշխանության դիրքերն ամո՞ւր են:

– Ամեն ինչ կախված է եռակողմ հանդիպումից հետո ստորագրվելիք փաստաթղթերից. եթե ստորագրվեն այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են ինչ-որ առումով չեզոք լինել կամ նույնիսկ՝ հայանպաստ ու նպաստեն սահմաններին լարվածության թուլացմանը, իշխանությունն էլ շունչ քաշելու ու ներքին խնդիրները լուծելու հնարավորություն ունենա, այդ դեպքում կամրապնդվեն իշխանության դիրքերը:

Իսկ եթե ստորագրվեն այնպիսի փաստաթղթեր, որոնք հերթական անգամ հնարավորություն կտան մարդկանց հանել փողոց, այդ դեպքում իշխանության դիրքերը կթուլանան:

– Պարո՛ն Քեռյան, Ռուբեն Վարդանյանն իր հարցազրույցում խոսել է քաղաքականություն մտնելու մասին և նկատել է, որ պատրաստ է լինելու երկրի ղեկավար «ազգի համար»: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է Վարդանյանի գլխավորությամբ նոր ուժ գալ և պայքարել իշխանության համար:

– Նոր ուժերը որոշակի շանս կարող են ձեռք բերել, եթե ընտրություններ լինեն: Իսկ Հայաստանում ընտրությունները բոլորովին վերջերս էին, և, բնականաբար, ընտրություններից հետո քաղաքական ասպարեզ իջնելով, քաղաքագիտական իմաստով, մի փոքր նպատակահարմար չէ նման ամբիցիաներով հանդես գալը:

Իշխանափոխությունը հնարավոր է միայն ընտրություններով, հեղափոխություններով կամ քաղաքացիական կռիվներով: Եթե բացառենք հեղափոխությունն ու ընտրությունները, որոնք նոր են եղել, իսկ քաղաքացիական պատերազմ Հայաստանում դժվար թե լինի, ապա ցանկացած նոր ուժ, որ գալիս է, պետք է սպասի հերթական ընտրությունների:

– Իսկ գուցե Ռուսաստանի՞ օգնությամբ նա Հայաստանում ստանա իշխանություն:

– Իհարկե Ռուսաստանի դերը չպետք է թերագնահատել, այդ դերը շատ մեծ է: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում հայազգի կապիտալիստների սերնդից է, բացառված չէ, որ ինչ-որ իրավիճակում նա ստանա ռուսական կողմի աջակցությունը:

Բայց հստակ եմ ասում՝ ես Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեմ կանխատեսում: Դա կարող է լինել միայն մի պարագայում, եթե սահմանային իրավիճակը սրվի, և այնպիսի փաստաթղթեր ստորագրվեն, որոնք ստիպեն իշխող քաղաքական ուժին հրաժարական տալ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am