Կառավարությունը կփոխհատուցի լաստանավով բեռնափոխադրումների տեղափոխման ծախսերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։       Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լաստանավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։ Նախատեսվում է փոխհատուցել  լաստանավով տեղափոխման ծախսերն ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։ Հիմնավորման համաձայն,  լաստանավը կարող է Փոթի-Կովկաս նավահանգիստ  տեղափոխել յուրաքանչյուր ուղղությամբ 50 մեքենա, և երկու ուղղությամբ տեղափոխման արժեքը կազմում է 100-120 հազ. ԱՄՆ դոլար, հետևաբար մեկ բեռնատար (20 տոննա տարողությամբ) մեքենայի մեկ ուղղությամբ ծախսը կազմում է 1000-1200 ԱՄՆ դոլար, իսկ երկաթգծային վագոնով տեղափոխման դեպքում, քանի որ լաստանավը կարող է տեղափոխել 40 վագոն, ծախսը կկազմի 1200-1500 ԱՄՆ դոլար։  Հարկ է նշել, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 20-50 տոկոս զեղչերի կիրառման հնարավորության վերաբերյալ, ինչը կարող է խթան հանդիսանալ նաև բեռների երկաթուղային ճանապարհով փոխադրման համար։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը,  նշել է, որ սա լաստանավային կապ հաստատելու Հայաստանի առաջին փորձը չէ «Նախորդները միշտ չէ, որ հաջող են տեղի ունեցել։ Հույս ունեմ, որ ի վերջո կստացվի։ Առանձնահատկությունն այն է, որ այս պարագայում, իհարկե, լաստանավով ավտոմեքենայով փոխադրման հնարավորություն կա, բայց տվյալ դեպքում մենք շեշտը դնում ենք երկաթուղային փոխադրումների վրա: Կառավարությունը 6 ամիս ժամկետով սուբսիդավորում կիրականացնի՝ հույս ունենալով, որ այդ համակարգը կսկսի աշխատել և ինքն իր ծախսերը փակել»:  

Պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

Գործադիրը հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ։ Միաժամանակ, այն կնպաստի բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավվմանը։ Նախատեսվող կարգավորումները, որպես ոլորտում պիլոտային աջակցության ծրագիր, նպաստելու են նաև տվյալ ոլորտում համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելուն ուղղված ռազմավարական պլանների մշակմանը և իրագործմանը։  Հիմնավորման համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանների առումով տարբեր երկրներում կիրառվում են մի շարք հարկային արտոնություններ։ Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, որոշմամբ ՏՏ ոլորտի կազմակերպություններին,  որոշակի պայմաններ բավարարելու դեպքում, կվերադարձվի  նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը: «Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն շուկայում: Արտոնության տրամադրման համար սահմանում ենք հետևյալ պայմաննները՝ առևտրային կազմակերպություններն ու ԱՁ -ները պետք է 90 տոկոսով գործունեություն իրականացնեն այնպիսի դասակարգիչներով, որոնք վերաբերելի են ՏՏ ոլորտին, մարտի 1-ի դրությամբ հետագա հաշվարկներում պետք է աշխատատեղերի քանակը ավելանա առնվազն 50-ով, նկատի ունենք թե՛ աշխատանքային պայմանագրերը, թե՛ քաղիրավական պայմանագրերը: Եվ այդ 50 նոր աշխատատեղի դեպքում վերջին 6 ամսվա ընթացքում չպետք է երկամտային հարկ  վճարած լինեն: Այսինքն՝ պետք է լինեն բոլորովին նոր ստեղծված աշխատատեղեր և չպետք է ունենան 100 հազար դրամը գերազանցող հարկային պարտավորություններ: Այս պայմանները բավարարելու դեպքում  թե՛ գործող, թե՛ նոր ստեղծված ընկերությունները պետության կողմից կստանան նոր աշխատատեղերի վճարված եկամտային հարկի 50 տոկոսը՝ որպես պետական աջակցություն», -ասել է Ռուստամ Բադասյանը:   

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դրանով կառավարությունը խթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:   

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելել է, որ սա միանգամյա օժանդակության միջոցառում չէ. արդեն իսկ շրջանառվում է նախագիծ՝ արտոնությանն  օրենսդրական կարգավորում տալու վերաբերյալ: 

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ սահմանային կետերում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, էականորեն կկրճատվեն սահմանի հատման ժամկետները. Կառավարության հավանությանն են արժանացել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: 

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, օրենքների նախագծերի փաթեթով պետական սահմանում նախատեսվում է տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողության օպտիմալացում և «մեկ պատուհան» սկզբունքի ներդրում: «Այս պահին պետական սահմանում հինգ մարմին է ներկայացված՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, Մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ, Ոստիկանությունը և տրանպսորտային գործառույթի մասով՝ նախատեսվել էր նաև այդ տեսչական մարմնի ներկայությունը: Փոփոխություններից հետո, սահմանային կետում կմնա երկու մարմին՝ մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք պետական մարմինների գործառույթների վերաբաշխումով, կիրականացնեն հսկողությունը սահմանային կետում: Մասնավորապես՝ մաքսային մարմինը կիրականացնի, բնականաբար, մաքսային գործառույթները, իսկ ՍԱՏՄ մասով՝ փաստաթղթային հսկողությունը: ՍԱՏՄ-ի կողմից այլ անհրաժեշտ հսկողությունները կիրականցվեն արդեն ՀՀ պետական սահմանից ներս։ Բնականաբար, մյուս պետական մարմինների գործառույթները կրկին վերաբաշխվում են այս երկու պետական մարմինների միջև: Նպատակը հետևյալն է՝ անձը փաստաթղթերի փաթեթը հանձնի պետական մեկ մարմին և ստիպված չլինի պետական սահմանի անցման կետն անցնելիս դիմել տաբեր պատուհանների փաստաթղթերի նույն փաթեթով: Կիրականացվի կրկնակի հսկողություն կամ այնպիսի հսկողությունը, որը փաստաթղթային մակարդակով կարող է իրականացվել մեկ մարմնի կողմից»,-ասել է ՊԵԿ նախագահը: 

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված երկու որոշումներին, որոնք վերաբերել են   նախնական հայտարարագրման դեպքում մաքսատուրքի հետաձգմանը և ավտոմատացված բացթողնմանը։  «Թե՛ զեկուցվող, թե՛ չզեկուցվող նախագծերի ընդունման նպատակը հետևյալն է, որպեսզի սահմանային կետի հատումը տնտեսվարողի կողմից իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:  Նախնական հայտարարագրման համակարգն աշխատացնելիս ի՞նչ իրավիճակ ունեինք և ի՞նչ իրավիճակ ունենք: Սահմանային կետ հասնելուն պես, տնտեսվարողը սահմանային կետը հատում էր մի քանի ժամերի ընթացքում, որից հետո տարանցման հայտարարագրով հասնում էր տերմինալ և հետագա բոլոր գործառույթներն իրականացվում էր տերմինալում: Այսինքն՝ միջինում 2-3 օր տնտեսվարողը ծախսում էր ներմուծման գործընթացի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա։ Հիմա մենք ունենք 13 սուբյեկտ, ովքեր օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից և ունենք աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը։ Արդյունքում՝ 20 դեպքով արդեն գործընթացը տևում է 2-3 օրվա փոխարեն 2-3 ժամ։ Եվ ամենառեկորդային ժամաքանակը բացթողնման դեպքում կազմել է 32 րոպե։ Հիմա աշխատանքներ են տարվում այս համակարգը լայնորեն կիրառելու համար և, երբ Ազգային ժողովում ընդունվելուց հետո զեկուցվող հարցերի փաթեթը մտնի ուժի մեջ, կունենանք էտալոնային մոդելով աշխատող սահմանային կետ, այս 2-3  ժամը կրկին կկրճատվի մի քանի անգամ։ Արդյունքում կունենանք ծախսերի և ժամանակի խնայողություն տնտեսվարողների համար։ Նշեմ, որ տերմինալներում, օրինակ՝ միջինում 25 հազարից մինչև 200 հազար դրամ կարող էին ծախսել 2-3 օրվա ընթացքում։ Իսկ հիմա 2-3 ժամվա ընթացքում սահմանային կետից ապրանքը բաց է թողնվում»,– ասել է ՊԵԿ նախագահը։

Անդրադառնալով օրինագծերին՝ կառավարության ղեկավարը նշել է,  որ Հայաստանի Հանրապետությունն արտահանումների և ներմուծումների մասով ազատ երկիր է, սակայն սահմանային կետերում կան բազմաթիվ խոչընդոտներ, քաշքշուկներ, դժվարություններ, բարդություններ։ «Միևնույն ժամանակ վերջին տարիներին էլ  ականատես են լինում դեպքերի, երբ մաքսանենգ ճանապարհով անցնող բեռները, կարծես, Հանրապետության հրապարակից մտնում են Տիգրան Մեծ պողոտա: Այսինքն՝ սահմանային հատման մաքսանենգ մեխանիզմներ են գործում, ինչի կապակցությամբ, իհարկե, մի քանի քրեական գործեր ունենք հարուցված: Մեր մոտեցումը հետևյալն է՝  ամեն ինչ անենք, որ օրինապահ, պարտաճանաչ արտահանողների և ներմուծողների համար հնարավորինս թեթևացնենք ընթացակարգերը, որոնց մի մասն էլ, եթե ենթադրենք 10 տարի առաջ արդարացված է եղել, այսօր որևէ ձևով արդարացված չէ, որպեսզի հնարավորինս արագ կարողանան արտահանման և ներմուծման գործընթացներ իրականացնել։ Շատ երկար քննարկումների արդյունքում, ի վերջո, կայացվել են կարևոր որոշումներ: Մյուս կողմից էլ նաև ընթացակարգերը հընթացս պիտի պարզեցնենք այս փաթեթով և այս փաթեթից դուրս»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է արտահանողների և ներմուծողների ռեյտինգավորման անհրաժեշտությունը ըստ նրանց վարքագծի, այդ թվում՝ հարկային։  «Եթե տեսնում ենք, որ մարդը, ընկերությունը պարտաճանաչ տուրքեր, հակեր վճարող ընկերություն է, մենք ընդհանարապես նրանց համար կարող ենք կանաչ գոտիներ ստեղծել, որ իրենք գան՝ րոպեների, վայրկյանների ընթացքում անցնեն և իրենց սովորական թղթարարությունն իրականանացնեն: Ընդհանրապես  հսկողական քաղաքականությունն իրականացվի ռիսկերի գնահատման վրա։ Այսինքն՝ եթե կա տարօրինակ պահվածք, այդ տարօրինակ պահվածքի հետևից գնանք,  ոչ թե բոլորին անընդհատ կանգնեցնենք ստուգենք և այդպես շարունակ։ Սա կարևոր է տնտեսական միջավայրի համար, նաև սոցիալական հարակից արդյունք է։ Ծախսերի կրճատումը ենթադրվում է  դրական ազդեցություն գների վրա»,- նշել է կառավարության ղեկավարը: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության հարթակում կայացված որոշմանը, որը վերաբերում է մի շարք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելուն՝ նշելով, որ դա  միանշանակորեն դրական ազդեցություն է ունենալու գների վրա: 

Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ մարտի 17-ի ԵԱՏՄ նիստի ընթացքում այդ որոշումն աննախադեպ էր. «Մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին դա չբախվի: Կարծում եմ՝ ունենք մի որոշում, որը կունենա սոցիալական նշանակություն. մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է։  Դա, իհարկե, դիսկրետ որոշում է, միջինում վեց ամիս ժամկետով է, բայց, այնուամենայնիվ, գների վրա դրական ազդեցություն կունենա։ Այո, մաքսատուրքերի մուտքերը բյուջե կնվազեն, բայց կարծում եմ, որ շատ ավելի մեծ արդյունք կլինի սպառողների համար»: 

Փոխվարչապետը նշել է նաև, որ կան որոշումներ, որոնք ավելի հիմնարար են, քվոտավորված լուծումներ են տվել, մասնավորապես՝ էլեկտրական շարժիչով մեքենաների համար: «Հայաստանի Հանրապետությունը 2022 թվականի համար 7000 և 2023 թվականի համար 8000 մեքենայի մասով արտոնություն ունի: Մենք նաև ԱԱՀ-ից ենք ազատում այդ մեքենաները: Մենք ունենք կոնսենսուսային որոշում առ այն, որ էլեկտրոնային առևտրի շեմն է բարձրանում: Այստեղ խնդիրը հետևյալն է՝ ընդհանուր առմամբ  ԵԱՏՄ տիրույթում հնարավորությունը լոկալ օրենսդրությամբ սահմանել մինչև 1000 եվրոյին համարժեք: Այսօր մեր մոտ գործում է 200 հազար դրամ՝ մեր օրենսդրությամբ: Սա առաջին փուլի փաթեթն էր: Մենք հանձնաժողովին ներկայացրել ենք մեկ այլ խումբ՝ ապրանքների գծով մաքսատուրքից ազատելու հայտ: Մոտ ժամանակներում կհրապարակենք ապրանքների հավելյալ ցանկ, որոնք նույնպես ազատված կլինեն մաքսատուրքից: Կարծում եմ, որ դա ընդհանուր դրական ազդեցություն կունենա և ակնհայտորեն կզսպի գների աճը»,-նշել է Մհեր Գրիգորյանը:  

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, նշել է, որ  2022 թվականին 7 հազար, 2023 թվականին 8 հազար էլեկտրոմոբիլ կարող է Հայաստան ներմուծվել մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով։ «Էլեկտրոմոբիլների ներմուծումն ազատվել է ավելացված արժեքի հարկից մինչև 2024 թվականը։ Կարծում եմ, որ բացառիկ հնարավորություն է, որպեսզի այս թրենդը Հայաստանում տեղի ունենա։ Էլեկտրոմոբիլներն ապագան են, և բոլորս պետք է տրամադրվենք դրան»,- ընդգծել է վարչապետը և հանձնարարել կառավարության անդամներին տրանսպորտային միջոց ձեռք բերելու հարցում հնարավորինս առաջնահերթություն տալ էլեկտրոմոբիլներին։

Առաջարկվում է բարձրացնել տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափը. Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար Օրենսգրքի 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափն ավելացնել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: Նախագծի ընդունմամբ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40 տոկոսը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։ 

Նախատեսվում է ապահովել  կուսակցությունների ֆինասնական գործունեության վերահսկողության պատշաճ և արդյունավետ իրականացում. Հավանություն է տրվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ֆինասնական գործունեության վերահսկողության և կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։ Մասնավորապես՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարին աուդիտի կազմակերպման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջի հիման վրա տրամադրում են աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարվող մրցույթի անցկացման համար անհրաժեշտ տեղեկություններ։ Խնդիրն այն է, որ նման կարգավորումը որոշակի դժվարություններ է առաջացնելու հանձնաժողովի համար՝ պահանջելով յուրաքանչյուր կուսակցությունից առանձին ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունների ցանկը։ Ուստի, նախագծով առաջարկվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգը՝ աուդիտի կազմակերպման, ինչպես նաև կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց ներկայացման ձևաթղթի սահմանման լիազորությունը վերապահելով հանձնաժողովին։ Նման իրավակարգավորման հիման վրա կուսակցությունները յուրաքանչյուր տարվա հունվարին (բացառության 2022 թվականի) օրենքի ուժով հանձնաժողովին կներկայացնեն հանձնաժողովի կողմից սահմանված տեղեկությունները՝ սահմանված ձևաթղթի հիման վրա։

Կառավարությունը հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է նախատեսել ուղղակի կարգավորումներ  սահմանադրական օրենքով ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչև թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորության համար։ Ըստ այդմ՝ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ ինքնավար մարմինների բնականոն գործունեության իրականացման համար քվորում ապահովելու տեսանկյունից։ 

Կսահմանափակվեն ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման հարթակներին քաղաքացիների հասանելիության եղանակները

Գործադիրը առաջարկություններ է ներկայացրել նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,  «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: 

Մասնավորապես՝ «Շահումով խաղերի, ինտերնետ խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարությունտ տվել է դրական եզրակացություն՝ ներկայացնելով մի շարք առաջարկություններ: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է համարվում  նախատեսել, որ «խաղերի խաղացողը խաղին մասնակցության համար կարող է օգտվել միայն իր բանկային հաշիվներից՝ բացառելով այլ վճարահաշվարկային համակարգերից օգտվելու հնարավորությունը», այսինքն՝ թույլատրել միայն բանկային հաշիվներով խաղադրույքների կատարումը՝ արգելելով անգամ էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը, և միակ բացառությունը կարող է սահմանվել խաղատան խաղադրույքների համար, այն էլ ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար:  «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է «անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)» հասկացությունը, ուստի առաջարկվում է օրինագծերից հանել հիշյալ հասկացությանը վերաբերող դրույթները: Կառավարության առաջարկությամբ նախագծերի կարգավորումներն անհրաժեշտ է խմբագրել՝ միաժամանակ հիմնավորումը համապատասխանեցնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների բովանդակությանը:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, պատգամավորների  օրենսդրական այս նախաձեռնությունը նախատեսում է սահմանել կարգավորումներ, որոնք նպատակ ունեն սահմանափակել ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման հարթակներին քաղաքացիների հասանելիության եղանակները և նվազեցնել սոցիալական առումով հասարակության զգայուն հատվածի խոցելիությունը: «Այսօր շահումով խաղերի հարթակներին անսահմանափակ հասանելիություն ունեն նաև մեր հասարակության սոցիալապես խոցելի որոշ խմբեր, որոնք, խաղային միջավայրում կարծեցյալ հնարավորություններ փնտրելով, շատ հաճախ կորցնում են իրենց սահմանափակ ֆինանսական միջոցները և ավելի խորացնում սոցիալական դժվարությունները: Դրա մասին են վկայում խաղային հարթակներում մասնակցիների  թվի ավելացումը, որը որոշ տվյալներով վերջին տարիներին ավելացել է ավելի քան 2 անգամ: Դրան նպաստում են նաև խաղադրույքներ կատարելու այն եղանակները, որոնք այսօր առկա են: Մասնավորապես խաղադրուքներ կարող են կատարել խաղերի կազմակերպիչների գրասենյակներում  կանխիկ եղանակով կամ վճարային տերմինալների միջոցով»,- ասել է ֆինանսների նախարարը

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝  առաջարկվում է օրենքն ընդունելուց անմիջապես հետո  սահմանափակել կանխիկ եղանակով և վճարային տերմինալների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը, իսկ 6 ամիս հետո նաև էլեկտրոնային դրամապանակաների միջոցով լիցքավորումը. «Եվ, ըստ էության, պահանջվում է, որ դրանից հետո օգտահաշիվների դրամային համալրումը տեղի ունենա բացառապես անկախիկ եղանակով՝ բանկային հաշիվներից»: 

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է ԱԺ  գործընկերների հետ: «Սա շատ կարևոր է և, թույլ տվեք ասել, որ մեզ համար ռազմավարական ուղղություն է: Վերջերս մեր աշխատանքային քննարկման ժամանակ ֆինանսների նախարարը մի ցուցանիշ ներկայացրեց, որը դժվար է նույնիսկ, գնահատել: Եթե այդ թիվը ճիշտ եմ հիշում՝  2021 թվականի ընթացքում խաղադրույքների ոլորտում դրույքների առումով տեղի է ունեցել 3 տրիլիոն 900 միլիրադ դրամի շրջանառություն: Սա մեր երկրի պետական բյուջեն կրկնակի և կրկնակիից ավելի գերազանցող ցուցանիշ է: 

Բայց ես ուզում եմ մենք ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել. 2018 թվականից մենք սիստեմատիկ սկսել ենք կրճատել այս ոլորտը, և առաջին գործողությամբ գազալցակայաններից, երբ ամեն քայալափոխի խաղային ապարատներ էին դրված, որոնք կանխիկ էին և գործում էին ստվերում, հանեցինք, բուքմեյքերական գրասենյակների քանակը նվազեցրեցինք»:

 Ըստ վարչապետի՝ խնդրի կարգավորման կարևոր քայլերից են նաև կանխիկի շրջանառության կրճատումը և գովազդների արգելումը: «Հիմա մենք անում ենք հաջորդ քայլը. փակում ենք դրամապանակները տերմինալների միջոցով լիցքավորելու մեխանիզմը: Խաղադրույքների այդ դրամապանակները կարելի է լրացնել միայն բանկային հաշվից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս ոլորտը կարգավորելու հարցում մինչև վերջ հետևողական քայլեր է իրականացնելու՝ անկախ շանտաժներից և մեդադրանքներից : 

Կսահմանվեն ՀՀ-ում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները

Կառավարությունը հավանություն է տվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: Ծրագրի մշակումը պայմանավորված է էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծման և ծառայությունների կազմակերպման, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն առնչվող հանգամանքներով: Ծրագրի ընդունմամբ կսահմանվեն և կհստակեցվեն էներգախնայողության ուղղությամբ և վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող միջոցառումները, հիմնական ցուցանիշներն ու թիրախները: Ըստ այդմ՝  կսահմանվեն մինչև 2030 թ. ՀՀ-ում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների, մասնավորապես՝ արևային էներգիայի,  օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է բարձրացնել էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը, Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարությունը բավարարել է «Իբարի» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել  մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Աշտարակում։ Ընկերությունը գործում է 2017 թվականից և 4 տարիների ընթացքում ստեղծել է 7 հայկական պրեմիում բրենդներ, ինչպիսիք են Wild Hive սերտիֆիկացված 100% օրգանական մեղրը, Beak Pick, Coloreat, Mrgastan, Boon Bariq ջեմերի և մուրաբաների բերենդները, Riceman բասմատի բրենդը և Rubin նռան գինու բրենդը։  Բոլոր 7 բրենդների դիզայնը Լոնդոնյան հայտնի Pentawards մրցանակաբաշխությանը արժանացել են պլատինե, ոսկե և արծաթե մրցանակների։ Ընկերության արտադրանքը արդեն իսկ արտահանվում է ավելի քան մեկ տասնյակ երկիր այդ թվում՝ ԱՄՆ, Անգլիա, ՌԴ, Բելառուս, Վրաստան և այլն։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մեծացնել արտադրության ծավալները և արտադրել տարեկան ավելի քան 250 հազար տարա ջեմեր և մուրաբաներ, որոնց մինչև 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԵՄ և ԱՄՆ։ Արդեն իսկ իրականացվել է 7.5 մլն դրամի կապիտալ ներդրում, կիրականացվի ևս 500 մլն դրամի ներդրում՝ գործարանի վարձակալության և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 27 նոր աշխատատեղ` մինչև 171,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53.4 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ  «Ջեթ ԷյԷմ» ՍՊԸ-ը նույնպես  կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու է ուղևորափոխադրման ոլորտում։ «Ջեթ ԷյԷմ» ՍՊԸ-ն պլանավորում է ներդնել էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն։ Գործունեությունը սկզբնական շրջանում իրականացվելու է Երևանում, այնուհետև մարզերում։ Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 226 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սկուտերների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 9 նոր աշխատատեղ` մինչև 160,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 226 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 31.6 մլն դրամ։

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և «Գազպրոմ» հրապարակային բաժնետիրական ընկերության միջև 2019-2022 թվականներին ՀՀ համար բնական գազի գնի ձևավորման կարգի մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Ստորագրմանը նախապատրաստվող արձանագրության նախագծով ՌԴ-ից առաքվող բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար (բազային ցածր ջերմունակության 7900 կկալ/խոր.մետրի համար)։ Արձանագրությունում նշված գինը և Հայաստանի Հանրապետության համար բնական գազի գնագոյացման կարգը ամրագրվում են «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ–ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի միջև համապատասխան պայմանագրում։

Հավանություն է տրվել 2021 թ. նոյեմբերի 12-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև՝ 2006 թ. հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արձանագրությամբ պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:

Գործադիրի հավանությանն է արժանացել 2017 թ. հունիսի 7-ին ստորագրված «Հարկման բազայի խեղաթյուրումը և շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կոնվենցիայի նպատակն է կարգավորել կրկնակի հարկման համաձայնագրերում առկա խնդիրները: Որոշվել է հարկային համաձայնագրերում կատարվելիք բարեփոխումներն իրականացնել մեկ բազմակողմ գործիքի միջոցով, ինչը կլինի ոչ միայն արդյունավետ, այլ նաև տեխնիկապես հեշտ իրագործելի: Բազմակողմ գործիքը թույլ է տալիս կրկնակի հարկման համաձայնագրերի շրջանակում իրականացվող գործողությունների ժամանակ միատեսակ մոտեցում ցուցաբերել բոլոր պայմանավորվող կողմերի նկատմամբ, ինչը հաճախ հնարավոր չէ ապահովել երկկողմ բանակցությունների դեպքում:

Կառավարությունը հավանություն է տվել  «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի վավերացմանը: Համաձայնագրի շրջանակում հնարավորություն կընձեռվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաև տիեզերական գործունեության արդյունքները օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը, կանխարգելել այն և հսկել տիեզերական աղբի կուտակումը, իրականացնել բնական պաշարների հետազոտություններ, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և բնական աղետների մոնիթորինգ:

Այլ որոշումներ

Գործադիրի որոշմամբ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին 944,228.9 հազար դրամ: 2021թ ներկայացված՝ ՀՀ 19 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 26 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետբյուջեից ֆինանսավորման: 

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետբյուջեով նախատեսված «Աջակցություն հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին» և «Աջակցություն զոհվածների ընտանիքներին»  միջոցառումների ֆինանսավորման մեխանիզմները  պարզեցնելու  ու հստակեցնելու նպատակով։ Արդյունքում՝  միջոցառումների գծով նախատեսված բյուջետային հատկացումները կկատարվեն  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից վճարվող` միանվագ բնույթ կրող այլ դրամական վճարների վճարման ընդհանուր տրամաբանության ներքո:

Գործադիրը որոշել է Կոմիտասի անվան ազգային քառյակը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Կամերային երաժշտության  ազգային կենտրոնին: Միավորումը կնպաստի կամերային ժանրում միասնական քաղաքականությանը, քանի որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ներքո արդեն իսկ գործում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական  կամերային երգչախումբը: