Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Միրչա Ժուգուրանուին (նստավայրը` ք.Թբիլիսի):
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նշել լարվածության թուլացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները:
Քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ: