«Կատարվածն իսկապես ողբերգություն է, բայց կներեք, էլի, թողեք ուշքի գանք». ՔՊ պատգամավորը՝ մահվան ելքով վրաերթի մասին

«Կատարվածն իսկապես ողբերգություն է, բայց կներեք, էլի, թողեք ուշքի գանք: Այդ դեպքից հետո մենք դեռ ուշքի չենք եկել, որ կարողանամ ինչ-որ բան ասել»,- «Մեդիալաբին» ասում է իշխանական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ ի պատասխան երեկվա աղմկահարույց վրաերթին առնչվող հարցին:

Հիշեցնենք, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մասնակցությամբ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևան քաղաքի Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում: 

Այս դեպքը համացանցում բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք տվեց. օգտատերերը սկսեցին հիշել ու հիշեցնել, թե ինչպես էր նորընտիր վարչապետը հեծանիվով շրջում, ինչպես էր որպես նոր Հայաստանի ձեռքբերում ներկայացնում այն հանգամանքը, որ վարչապետի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ:

«Կրկնում եմ, որ կատարվածն իսկապես ողբերգություն է, իսկապես ցավ ապրողն այս դեպքի վերաբերյալ որևէ բառ ասել անզոր է, իսկ մենք երեկվանից ականատես ենք ամենատարբեր բովանդակության ու ծավալի գրառումների, քաղաքական ինչ-ինչ նպատակներով շահարկում են կատարվածը»,- ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

«Մեդիալաբը» փորձեց նաև մեկնաբանություն ստանալ իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից, սակայն ինչպես խմբակցության ղեկավարը, այնպես էլ իշխանական այլ պատգամավորներ մեր զանգերին չարձագանքեցին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am