Երեք անձ ձերբակալվել է՝ «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Երեք անձ ձերբակալվել է՝ «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Երեք անձ ձերբակալվել է՝ «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։  Երեք անձ ձերբակալվել է:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչը՝ ծնված 1973 թվականին, վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրականացված մի շարք քննչական և դատավարական այլ գործողությունների ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը տարածքում շրջայց կատարելու ժամանակ տնօրենի տեղակալը հայտնաբերել է փայտանյութով բեռնված բեռնատարներ, ինչի շուրջ էլ ծագել է վիճաբանությունը:

Պարզվել է նաև, որ միջադեպին մասնակից են եղել նաև Ճամբարակ քաղաքի ևս երկու բնակիչներ՝ ծնված 1980 և 1994թթ.:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի լրիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: