Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:
Կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետը շնորհավորել է պարոն Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում և դրական մթնոլորտում, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար»:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է՝ այսօր, երբ տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար:
Վրաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ, երկկողմ օրակարգի առաջմղմամբ և ողջունում է դրան միտված նախաձեռնությունները, ծրագրերը:
Իլիա Դարչիաշվիլին նաև հավելել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլերը: Զրուցակիցները քննարկեել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին:
Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային երկրների կողմից կայունության պահպանմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը միտված ջանքերը՝ ի շահ խաղաղ և բարեկեցիկ ապագայի:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հարցերի շուրջ:Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: