Ժողովուրդ ջան, գնացե’ք հանգստացեք, 6-7 ժամ է՝ փողոցում եք. Իշխան Սաղաթելյան

Այսօր Ֆրանսիայի հրապարակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց պայքարում հետքայլ չկա և գնալու են մինչև վերջ: «Մարտահրավերը ընդունում ենք, եթե դուք պատրաստ չեք պաշտպանել մեր երկիրը, ապա մենք պատրաստ ենք պաշտպանել և մեր երկիրը, և ինքներս մեզ», իր ելույթում հայտարարեց Սաղաթելյանը:

Նրա խոսքով, Պարոնյան փողոցում ոստիկանության ծառայողների ու քաղաքացիների միջև բախումը ցույց է տալիս, որ իշխանությունն այլևս չի դիմանում:

«Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ տեմպը պահեք, ծավալը մեծացնենք, ծնկի են գալու, իրենք այլևս չեն դիմանում: Այսօր փաստեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք: 40 օր մենք միասին փողոցում ենք, 10-յակ հազարավոր մարդիկ, երթեր, ցույցեր մեկ մեքենայի հայելի չենք ջարդել, որովհետև մեր նպատակը իրենց պես խանութներ թալանելը չի եղել: Մեր նպատակն է համախմբել ժողովրդին: Այս նպատակի համար մենք անելու ենք ամեն ինչ: Հաղթանակը շատ մոտ է: Առաջարկում եմ, որ այսօր մի մասդ գնացեք, հանգստացեք, 6-7 ժամ ա, փողոցում եք, հագնվեք, սնվեք, հետ եկեք: Մեր պատգամավորները այստեղ են լինելու: Վաղը ժամը 19:00-ին հրավիրում ենք հրապարակ», -հայտարարեց Սաղաթելյանը: