«Հայաստանի իշխանագողերի ձեռամբ պղծվում է ամեն ինչ». Ազատամարտիկները մարտի մեկին հանրահավաք կանեն

«Հայաստանի իշխանագողերի ձեռամբ պղծվում է ամեն ինչ». Ազատամարտիկները մարտի մեկին հանրահավաք կանեն
«Հայաստանի իշխանագողերի ձեռամբ պղծվում է ամեն ինչ». Ազատամարտիկները մարտի մեկին հանրահավաք կանեն

Այսօր, ազատամարտիկները հայտարարել են հանրահավաքի մասին` կոչ անելով  «բոլոր մարտական ընկերներին մարտի 1-ին, ժամը 13:00–ին հավաքվել Սարյանի պուրակում»: 

«Հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգված է, քանզի պետության ղեկը հայտնվել է գողերի եւ ավազակների ձեռքերում։

Յուրաքանչյուր իշխանություն իր նախորդից ավելի ագահ է, կեղեքող ու թալանչի։ Հայաստանի ողջ ունեցվածքը գրեթե իսպառ օտարվել է։

Հայ ժողովուրդն իր հայրենիքում զրկված է արժանապատիվ աշխատանքով իր երեխաներին պահելու հնարավորությունից, ինչի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ընտանիքներով հեռացել են երկրից, դատարկվել են սահմանամերձ գյուղերը,-մասնավորապես նշված է ազատամարտիկների տարածած հայտարարության մեջ։

Ապօրինի իշխանությունների ջանքերով երկրում բարոյազրկվում է ամեն ինչ. եկեղեցիները եվրավերանորոգման են ենթարկվում, դպրոցական ծրագրերը օրեցօր ավելի օտարացվում, խեղաթյուրվում է ամենը, ինչը հայկական է ու ավանդական, իսկ պատերազմի հաղթանակի տարիները ներկայացվում են որպես մթի ու խավարի տարիներ։

Հայաստանի իշխանագողերի ձեռամբ պղծվում է ամեն ինչ. վերջին ցայտուն օրինակը Երկրապահ կամավորակաների միության օտարումն էր հայ ժողովրդից` տխրահռչակ Սերժ Սարգսյանի ձեռամբ, երբ վերջինս բաժանարար գիծ գծեց իշխանության եւ հայ ժողովրդի միջեւ։

ԵԿՄ համագումարում այլեւս իրենց պատվավոր տեղերն են զբաղեցնում Արցախյան հերոսամարտի հետ կապ չունեցող մարդիկ։ Այդ օրը երկրի իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց հայ ժողովրդին։

Մենք Արցախյան ազատամարտի մասնակիցներս, հայտարարում ենք ազատամարտիկների համահավաքի անհրաժեշտության մասին եւ կոչ ենք անում մեր բոլոր մարտական ընկերներին մարտի 1-ին, ժամը 13:00–ին հավաքվել Սարյանի պուրակում, որպեսզի միասին մեր հայրենիքի անկախության համար պայքարած տղերքով, որոշենք մեր անելիքը՝ մեր երկրի ապագայի հետ կապված։

Քանի որ մարտի 1-ը մեր ժողովրդի ողբերգական այն օրերից է, երբ իշխանությունների ձեռամբ զոհվեցին տասը անմեղ քաղաքացիներ և բռնազավթվեց Հայաստանի իշխանությունը, մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին մասնակցել այդ օրը Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։

Կոչ ենք անում նաեւ մինչ այս իշխանության հանցավոր գործունեությունը քննադատող տարբեր ուժերին կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին վերջապես խոսքից գործի անցնել, ցուցադրել համաժողովրդական միասնություն եւ դուրս գալ հրապարակ»։

Հիշեցնենք, որ 2013 թվականի ընթացքում ազատամարտիկները պարբերաբար նստացույցեր արեցին Ազատության հրապարակում՝ իշխանություններից պահանջելով լուծել իրենց սոցիալական խնդիրները:

Ազատամարտիկները վեց կետից բաղկացած պահանջներ էին ներկայացրել կառավարությանը՝ կամավոր ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենքի ընդունում, իրենց անժամկետ հավելյալ թոշակի հատկացում՝ նվազագույն զամբյուղի չափով:

Պահանջներից մեկն էլ այն էր, որ պատերազմին մասնակցած և վիրավորված ազատամարտիկների հաշմանդամության թոշակը կրկնակի բարձրանար:

Ազատամարտիկները պահանջում էին նաև, որ իրենց ընտանիքների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների համար սահմանվեն անվճար վիրահատություն, բուժօգնություն, ուսման և կոմունալ վճարների մասով զեղչեր:

 Այս պահանջները նախորդ տարի կառավարությունը լսեց, սակայն այդպես էլ չբավարարեց, հունվարից մոտ 15 տոկոսով բարձրացան միայն թոշակները: 

Նստացույցերին ակտիվ մասնակցած պահեստազորի գնդապես Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ անցյալ տարի սեպտեմբերից քրեական հետապնդում սկսվեց, որը մարտական ընկերները, ինպես նաեւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն ուղղակիորեն կապում են նրա ակտիվ գործունեության եւ իշխանությունների առաջ քաշած պահանջների հետ:

Ավետիսյանի դեմ իրականացվող քրական հետապնդումը ազատամարտիկները իշխանությունների կողմից հաշվեհարդար են համարում:

Իսկ փետրվարի 15-ին ԵԿՄ հանրագումարի իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադառնալով ազատամարտիկների կողմից կազմակերպվող հանրահավաքներին եւ իր հրաժարականի պահանջին, որակեց դա որպես «նվնվոց»:

«Ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե «մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ և ինչքան արյուն է թափել»,-հայտարարեց նա:

Սարգսյանի խոսքերը բուռն քննադատությունների առիթ տվեց ինչպես ազատամարտիկների, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների մոտ:

© Medialab.am