Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը կազմակերպված և նախապես պլանավորված հարձակումների տակ է. հայտարարություն

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը կազմակերպված և նախապես պլանավորված հարձակումների տակ է. հայտարարություն
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը կազմակերպված և նախապես պլանավորված հարձակումների տակ է. հայտարարություն

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Վերջին մեկ շաբթավա ընթացքում Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը մի խումբ տղամարդկանց կողմից՝ Վահագն Չախալյանի և Հայկ Այվազյանի գլխավորությամբ, գտնվում է կազմակերպված և նախապես պլանավորված հարձակումների տակ։

Կազմակերպության բոլոր անդամները ստանում են բազմաթիվ սպառնալիքներ, ատելության խոսքեր և արժանապատվությունը նսեմացնող վիրավորանքներ ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև արդեն իսկ տարբեր ծանոթ և անծանոթ անձանց կողմից։

Կազմակերպության անդամներին սպառնում են սպանել, վառել, բռնաբարել։ Այս ամենը մեծ վրդովմունք է առաջացրել կազմակերպության աշխատակիցների ընտանիքների անդամների, բարեկամների, ընկերների և հատկապես կազմակերպության շահառուների շրջանում։

Ստանում ենք նաև զանգեր կազմակերպության և առանձին անդամների նկատմամբ այս ահաբեկչությունը կազմակերպված վերոնշյալ անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կապակցությամբ, ինչը բնականաբար անընդունելի է մեր կողմից։ Սակայն, ցանկանում ենք տեղեկացնել, որ իրավիճակը այլևս դուրս է եկել մեր վերահսկողությունից։

Կազմակերպված մանիպուլյացիաների և վարկաբեկումների միջոցով հասարակությունում պառակտում մտցնելու, ատելություն հրահրելու և մարդկանց իրար դեմ տրամադրելու ողջ պատասխանատվությունը ընկնում է Վահագն Չախալյանի, Հայկ Այվազյանի և իրենց շուրջը հավաքված այլ անձանց վրա։

Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ ստեղծված պայմաններում չենք կարողանում հավուր պատշաճի իրականացնել մեր գործառույթները և շարունակել նույն չափով տրամադրել հոգեբանական, իրավաբանական և փաստաբանական աջակցություն բռնություններից տուժած անձանց։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի թեժ գիծը ևս գտնվում է անդադար գրոհի տակ։

Վստահեցնում ենք, սակայն, որ ներկայումս մեր կողմից պաշտպանվող սեռական բռնության զոհերի քրեական գործերը շարունակելու են վարվել կազմակերպության հետ համագործակղող հայտնի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի կողմից։

Եվս մեկ անգամ հորդորում ենք տղամարդկանց այս խմբին գիտակցել իրենց կողմից ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվության բեռը՝ հասարակության անդամներին իրար դեմ տրամադրելու և այդ իսկ պատճառով հետագա, նույնիսկ իրենց վերահսկումից դուրս, հանցագործությունների և բռնությունների ալիքի հող ստեղծելու համար։

Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերջ դնել այս կազմակերպված ահաբեկչությանը կին իրավապաշտպանների և նրանց ընտանիքների նկատմամբ, ինչպես նաև ապահովել կազմակերպությունների և անհատների անվտանգությունը, որպեսզի նրանք կարողանան շարունակել տրամադրել աջակցություն սեռական բռնություններից տուժած կանանց և անչափահասներին։