Երևանում նախօրեին տեղի ունեցած միջադեպի հանգամանքերը պարզում են. տուժած երիտասարդներից մեկը հիվանդանոցում մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ նախօրեին Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել Գյումրի քաղաքի 21-ամյա երկու և Երևան քաղաքի 20 և 19-ամյա բնակիչներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի Քանաքեռցու փողոցում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ երիտասարդները ստացել են հիշյալ վնասվածքները:

Այսօր ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի 21-ամյա բնակիչներից մեկը, գիտակցության չգալով, ժամեր առաջ մահացել է հիվանդանոցում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, տուժողներից մեկի մասնակցությամբ կատարվել են լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է: 
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: