Մագնուս Կարլսենը հրաժարվել է աշխարհի չեմպիոնի համար մրցախաղից

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չի պաշտպանի չեմպիոնական տիտղոսը Իան Նեպոմնաշկիի հետ մրցախաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Մագնուս Կարլսենը: «Ես մոտիվացված չեմ ևս մեկ մրցախաղ անցկացնելու: Պարզապես հասկացել եմ, որ ինձ այդքան էլ դուր չի գալիս դա, թեպետ պատմական տեսանկյունից այն իսկապես կարող է հետաքրքրաշարժ լինել: Հանդիպել եմ ՖԻԴԵ-ի նախագահի և նրան փոխանցել, որ չեմ պաշտպանելու չեմպիոնական տիտղոսս հաջորդ մրցախաղում»,-ասել է նորվեգացին:

Մագնուս Կարլսենի հրաժարվելու դեպքում Իան Նեպոմնաշկին պետք է մրցախաղ անցկացնի հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենի հետ:

Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոն է 2013 թվականից: Այս ընթացքում նորվեգացին իր տիտղոսը պաշտպանել է 4 անգամ: Նա 31 տարեկան է: