Իմ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները. Լևոն Երանոսյան

Իմ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները. Լևոն Երանոսյան
Իմ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները. Լևոն Երանոսյան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. «Ես՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում՝ անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաատանի ազգային և պետական շահերին»: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Ավելին, ըստ Լևոն Երանոսյանի, իր գործողություններով նա կանխել է բախումները.

«Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և Ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»:

«Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Բացի այդ, վերջերս Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է մեկ այլ քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով»,-գրում է Factor.am-ը։