Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Արցախի հարցին

Գերմանիայի Քարլսրու քաղաքում այս օրերին գումարվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության անդամ, լիբանանյան համալսարանում քաղաքական գիտությունների և միջազգային օրենքի դասախոս Նորա Պայրագթարյանը ներկայացրել է Արցախի մասին հայտարարությունը:

Հայտարարության մեջ համաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից արցախյան 44-օրյա նախահարձակ պատերազմն ու իր զորակցությունը հայտնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Համաժողովը դատապարտել է քիմիական զենքի գործածությունն ու միջազգային օրենքին հակասող այլ պատերազմական հանցագործությունները:

Համաժողովը կոչով դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը, Եվրոպական Միությանն ու Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:

Այն իր խորը մտահոգությունն է հայտնել Արցախի գրավյալ շրջաններում գտնվող սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների փաստով՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային համայնքին՝ բոլոր միջոցներով պահպանել հայկական մշակութային կառույցներն ու վայրերը:

Արցախյան հակամարտության արդար և խաղաղ լուծման համար համաժողովը կոչով դիմել է ԵԱՀԿ-ին` Մինսկի խմբի շրջանակներում երկխոսություն սկսելու շուրջ: