Խորհրդարանն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրինագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զենքի շրջանառության կարգավորման նոր օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 67 կողմ ձայն:

«Նախագծով ակնկալվում է ՀՀ –ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը»,-ասաց համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը:

Նոր օրենքով նաև առաջարկվում է 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց:

Օրենքը սահմանում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։

Նախագիծը նախատեսում է քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում, միևնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորություն է բացելու այն անձանց, զենքի սիրահարների համար, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։