ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահման. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, դեռ Հայաստան չի ժամանել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը:

«Ոչ, [ՀԱՊԿ առաքելությունը] դեռ չի ժամանել՝ որքան ես գիտեմ։

Ի վերջո, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն (առաքելությունը) դեռ պետք է ձևավորվի, և պետք է հասնել այնտեղ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք՝ երեքշաբթի ՀԱՊԿ խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով անցկացված արտահերթ նիստում որոշել է կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրման հետ կապված։ Հաղորդվում է, որ առաքելության կազմում պետք է լինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։