ՀՀ տարածք մխրճված ադրբեջանական որոշ խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների շրջափակման մեջ. ԳՇ պետ

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն իր հարձակվողական գործողությունների հետևանքով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, մխրճված որոշ ջոկատներ, խմբեր գտնվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների անմիջական հսկողության, նաև շրջափակումների մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետաքրքրվեց՝ իրենք հիմա այնտեղ են, որ ուղղությամբ ադրբեջանական ուժերը ներխուժել ե՞ն ՀՀ տարածք: ԳՇ պետը դրական պատասխան տվեց:

«Դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդն իր հարձակվողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,-ասաց ԳՇ պետը:

Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն