Համաներմամբ ազատված 80 անձանց կողմից կատարվել են 165 հանցագործություններ. դիտորդական խումբ

Համաներմամբ ազատված 80 անձանց կողմից կատարվել են 165 հանցագործություններ. դիտորդական խումբ
Համաներմամբ ազատված 80 անձանց կողմից կատարվել են 165 հանցագործություններ. դիտորդական խումբ

2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2019 թվականի մայիսի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե համաներմամբ պատժի հետագա կրումից քանի անձ է ազատվել և նրացից քանիսն է ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն կատարել:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ 2019 թվականի ապրիլի 30-ի դրությամբ համաներմամբ պատժի հետագա կրումից ազատվել է 641 անձ: Սակայն տեղեկություններ չի փոխանցել այն մասին,  թե նրանցից քանիսն է ազատ արձակվելուց հետո կրկին հանցագործություն կատարել՝ հիմնավորելով, որ նախարարությունը նման հաշվառում չի վարում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական քաղաքականություն մշակող մարմինն է, և  նախարարության կողմից նշված հարցի վերաբերյալ հաշվառման իրականացումը կարևոր նշանակություն ունի՝ ճիշտ քաղաքականություն վարելու տեսանկյունից, Դիտորդների խումբը նախարարությանը առաջարկել է քննարկել պատժի հետագա կրումից ազատված անձանց կողմից կրկին հանցագործություն կատարելու վերաբերյալ տեղեկատվության հաշվառման նպատակահարմարությունը, ինչը նախարարության կողմից ընդունվել է ի գիտություն:

Այնուհետև Դիտորդների խումբը նույն հարցմամբ 2019 թվականի մայիսի 17-ին դիմել է ՀՀ ոստիկանությանը և դատախազությանը:

ՀՀ ոստիկանության շտաբից պատասխանել են, որ 2019 թվականի մայիսի 22-ի դրությամբ համաներմամբ ազատված 80 անձանց կողմից կատարվել են 165 հանցագործություններ:

Իսկ գլխավոր դատախազության կողմից 2019 թվականի հունիսի 6-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետությանանկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՕ-414-Ն օրենքի կիրառմամբ մայիսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆքրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 646 դատապարտյալ, որոնցից  81-ը կրկին կատարել է նոր հանցագործություն:

Նույն oրենքի կիրառմամբ՝ մայիսի 17-ի դրությամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կալանավորված 3 մեղադրյալի նկատմամբ, որոնցից 2-ը կրկին կատարել է նոր հանցագործություն:

Նկարազարդումը՝ «Մեդիալաբ»

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ