ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանն է ներկայացվել ադրբեջանական հարձակումից հետո Ջերմուկում ստեղծված իրավիճակը

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին այցելել է Ջերմուկ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը:

«Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (որին ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)։

Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։

Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ (կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով)։