Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեծապես մտահոգված է ցեղասպանական հռետորաբանությամբ, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է իր վերջին ելույթներում, որտեղ նա կրկնել է Հայաստանի վրա հարձակում գործելու սպառնալիքները:

«Մենք դատապարտում ենք Հաղթանակի օրվա ելույթներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության կողմից հատուկ ցեղասպանական հռետորաբանության օգտագործումը։ Մեղմասացությունները փորձում են քողարկել ցեղասպանական հռետորաբանությունը և դիտավորությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել այս հռետորաբանությունը և պաշտպանել հայերին», – նշված է Լեմկինի ինստիտուտի թվիթերյան գրառման մեջ։

Տարածված հաղորդագրության մեջ Լեմկինի ինստիտուտը որպես օրինակ է բերում Ալիևի այն խոսքերը, թե հայերին «ողբերգություն է» սպասվում կամ թե «Ադրբեջանի համբերությունը սպառվում է»: Ինստիտուտը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս հռետորաբանության վրա՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանությունից խուսափելու համար: