Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. Ազատություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա կալանքը վերացնելու միջնորդությունը, լրագրողներին հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը, գրում է Ազատությունը։

Առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար մեղադրվող նախկին պաշտոնյան կալանավորվել էր անցած ամսվա վերջին:

Տոնոյանն անցնում է բանակի համար գնված անպիտան հրթիռների քրեական գործով, նույն գործող մեղադրյալ է բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո»): Նրանք մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Դավիթ Գալստյանը ևս կալանավորվել է: Նա և նախկին նախարարը չեն ընդունում մեղադրանքը: