Վանաձորը հյուրընկալեց «Միասին պայծառ է» փառատոնը

Վանաձորը հյուրընկալեց «Միասին պայծառ է» փառատոնը
Վանաձորը հյուրընկալեց «Միասին պայծառ է» փառատոնը

Հունիսի 15-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Միասին պայծառ է» տարածաշրջանային փառատոնը, որի անցկացման համար ընտրվել էր Վանաձոր քաղաքը։ Միջոցառման նպատակը էներգաարդյունավետության իրազեկումն է հատկապես երեխաների շրջանում։

Բնության տարերքների անուններով՝ «Ջուր», «Արև», «Քամի» կոչվող տաղավարներում դպրոցահասակ երեխաների համար կազմակերպվեցին տարատեսակ խաղ-մրցույթներ, գիտափորձեր և վարպետաց դասեր, որոնց միջոցով նրանք կարողացան պատկերացում կազմել էներգաարդյունավետության և առօրյայում դրա կիրառման մասին։ Մրցույթների հաղթողները օդապարիկով թռչելու հնարավորություն ստացան։

Փառատոնի բացման ելույթում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ մարզպետարանը՝ որպես պետական կառույց, ցանկացած ծրագիր իրականացնելիս անպայման հաշվի է առնում նաև էներգախնայողությունը։

«Շատ ուրախալի է, որ մեր մատաղ սերունդը, մեր դպրոցականներն էլ են առնչվում այս ամենի հետ, և իրենք՝ որպես գալիք սերունդ, պետք է ավելի լայն կիրառեն այն հնարավորությունը, որը ընձեռված է այս ոլորտում: Մեր մարզն ունի լայն հնարավորություններ: Ունենք այնպիսի հատվածներ մարզում, որոնք արևային շատ մեծ քանակի օրեր են ունենում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգտագործենք ամբողջ պոտենցիալը»,- ասաց նա։

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցառումը Վանաձորում անցկացնելով նպատակ են ունեցել աջակցել նաև տարածաշրջանային զարգացմանը։

Տեքստը եւ լուսանկարները` Գայանե Ենոքյանի