Միանվագ աջակցություն՝ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին. ԱՍՀՆ

2022 թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն կստանան․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիլական հարցերի նախարարությունից:

Ըստ այդմ, աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:

Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:
Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առաջիկայում կստեղծվի պատուհան, որի միջոցով շահառուները ծրագրին դիմելու հնարավորություն կունենան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։