Տղաս, իմ փոքրիկ գազանիկը, վերջապես սկսեց մանկապարտեզ հաճախել։ Ես նրան գրանցել էի դեռ 1,5 տարի առաջ, և վերջապես մեր հերթը հասավ: Սա ինձ համար պատեհ առիթ էր մանկապարտեզին մոտիկից ծանոթանալու, որպես մանկավարժ, ինձ համար, իհարկե, շատ ուսանելի բան կար…
Էստեղ մանկապարտեզների հետաքրքիր համակարգ կա. մինչև 3 տարեկանը վճարովի է, և ծնողն ինքը պիտի փնտրի, 3-ից հետո ՝ անվճար և տանը հնարավորինս մոտ՝ էստեղ արդեն պետությունն է հոգ տանում, որ անպայման տեղ լինի երեխայի համար։
Վճարովի մանկապարտեզների վարձը ևս երկու տեսակ է՝ ամբողջ օրը կամ օրվա մի կեսը։ Վարձը կախված է ընտանիքի կարգավիճակից և եկամտից, որը ևս սահմանում է պետությունը։ Օրինակ` տղայիս համար վարձը սահմանվեց մեկ ժամը մոտ 1 եվրո (մոտ 570 դրամ), ինչը պարզապես սիմվոլիկ գումար է, հաշվի առնելով, որ հաճախելու էր շաբաթը 3 անգամ։
Ինչպես և բոլոր երկրներում, մայրիկներ կան, որ գոհ են, կան նաև դժգոհները։ Ես առաջին իսկ օրից ապշել էի, թե ինչ հաճելի միջավայր է, մեկ սենյակ՝ բաժանված թեմատիկ խաղերի, և երեխաներ, ովքեր ազատ վազվզում են առանց սահմանափակման։ Չկա կոլեկտիվ ստիպողական խաղեր. այ, մենք նկարում ենք, ուզում ես` միացի՛ր, չէ, ուրեմն գտիր քեզ հետաքրքիր բան: 3 օրվա մեջ չտեսա ոչ մի դայակի յուրահատուկ կամ խիստ վերաբերմունք, բոլորը հավասար, բոլորին վերաբերվում էին կարծես ընկերների։ Սնունդը կազմում է սննդաբանը, և այն ուղարկում են ռեստորանից ՝ փակ, մաքուր վիճակում։
Քնի ռեժիմը ևս հետաքրքիր է. կարող էին քնեցնել միայն մեկ-երկու երեխայի, եթե զգային, որ միայն նրանք են հոգնած, մյուսները շարունակում էին խաղալ։ Նույն սենյակում կարող էին լինել և՛ 6 ամսական երեխան, և՛ 2,5 տարեկանը: Այսպես երեխաները սովորում են շփվել իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև վերաբերվել իրենցից մեծին կամ փոքրին։
Առաջին օրը մոտ մեկ ժամ հարցազրույցի էի, հարցնում էին, և ամենայն լրջությամբ պատասխանում էի հազար ու մի աննշան թվացող հարցերի` իմ տղան ի՞նչ խաղեր, ի՞նչ գրքեր, ի՞նչ երգեր է սիրում, ո՞նց է քնում, քայլում, լալիս, ի՞նչ է սիրում ուտել, խմել և այլն:
Երկու հետաքրքիր հարց կար` ի՞նչ լեզուներ գիտի:
– Դե, հիմնականը` ֆրանսերեն, իսկ հայերեն, ռուսերեն, Էլզասի բարբառ` քիչ է խոսում ,-պատասխանեցի ես:
– Էդ կապ չունի,- ոգևորեց դայակը,- իսկական բախտավոր տղա է, ինչքան շատ խոսեք տարբեր լեզուներով, էնքան ավելի լայն մտահորիզոն կունենա։
Դայակից հետաքրքրվեցի.
– Ձեզ մոտ ծնունդներ նշո՞ւմ են, կարո՞ղ եմ էդ օրը տղայիս համար տորթ բերել:
– Հա՛, իհարկե, միայն թե տորթի տեսակը, տեսքը և բաղադրատոմսը մենք կտանք, բայց պետք է բուլանժեղիում (փռում) պատրաստեն: Դրա համար երկու պատճառ կա. երեխաների տորթերը չեն կարող ճոխությամբ տարբերվել, դա նրանց համար կարևոր չէ, մենք չենք ուզում մրցույթ լինի: Սննդաբանը հատուկ տորթերի ցուցակ է պատրաստել, հնարավորինս անվտանգ և ոչ ալերգիկ, և դուք չեք կարող այն տանը պատրաստել, միայն հացթուխը կարող է ճիշտ բաղադրությամբ թխել:
Երբ մանկապարտեզից դուրս էի գալիս, հիշեցի իմ սովետական մանկապարտեզը, որտեղ հնդկաձավարից (գրեչկա) սար էինք սարքում, որ մի կերպ ուտենք։ Ասել, թե դժբախտ էինք, իհարկե չէ, ես ընդհանրապես երջանիկ երեխա եմ եղել, բայց մեկ է, միջիս երեխան երանի տվեց տղայիս, որ այդպիսի ազատություն է վայելելու։
Ընդհանրապես, ազատության, հավասարության, եղբայրության գաղափարը ի սկզբանե սերմանում են երեխայի մեջ, իսկ թե ով ինչպե՞ս այն կօգտագործի` դա արդեն ուրիշ թեմա է։
Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր
MediaLab Blog