Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են Հայաստանում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին կանադական կողմի շարունակական օժանդակությունը:  

Ջասթին Թրյուդոն հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` նպաստելու Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը:

 Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

 Վարչապետ Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: