Քրեական հետապնդում՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար․ Գլխավոր դատախազություն

Գ.Հ.-ն, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի, իսկ 2012-2018թթ. համատեղությամբ նաև՝ Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ (այսուհետ՝ Կազմակերպություն) նախագահի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով նույն Կազմակերպության ընդհանուր ժողովի քարտուղարը, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև օժանդակել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքի վատնման փորձին: 

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, Վ.Գ.-ն, որպես Ոստիկանության պետ, 2012-2019 թվականների ընթացքում, հանդիսանալով Կազմակերպության նախագահ, նպատակադրվել է վատնման եղանակով հափշտակել վերջինիս սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող առանձնապես խոշոր չափերի գույքը՝ բաղկացած «Դինամո» լողավազանի շինությունից, դրա հարակից տարածքից և շենք-շինություններից:

Գ.Հ.-ն, գույքի օտարման՝ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանված լինելու պատրանք ստեղծելու նպատակով, վերադասին չհակադրվելու և հաճոյանալու անձնական այլ դրդումներով՝ Վ.Գ.-ի հետ իրենց ստորագրություններով հաստատել են պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ Կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 3 արձանագրությունը, որով հավաստվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ. իբր 2017 թվականի նոյեմբերի 28-ին, Վ.Գ.-ի նախագահությամբ և իր քարտուղարությամբ, Կազմակերպության 70 անդամներից 65-ի մասնակցությամբ կազմակերպվել և անցկացվել է արտահերթ ընդհանուր ժողով, որի արդյունքում ժողովի անդամները միաձայն որոշել են Կազմակերպության գույքային ֆոնդում՝ Չարենց փողոցի 72 հասցեում գտնվող գույքն անհատույց, որպես սեփականություն հանձնել (նվիրել) «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին:

Այնուհետև, Գ.Հ.-ն, կեղծ արձանագրության օգտագործմամբ, 2018 թվականի ապրիլի 9-ին, Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ անունից «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի հետ՝ ի դեմս տնօրեն Ռ.Հ.-ի, նոտարական կարգով կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն՝ նվիրատուն նվիրել է, իսկ նվիրառուն՝ ընդունել 5902,5 քմ սեփականություն հանդիսացող շենք-շինություններից և անորոշ ժամկետով անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով 1,103556 հեկտար հողամասից բաղկացած, ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափի՝ 857 մլն 891 հազար 44 դրամ արժողությամբ, Երևանի քաղաքի Չարենցի փողոցի 72 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցման նպատակով նվիրառուի՝ «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ ՀԿ ներկայացուցիչ Ա.Մ.-ի կողմից, պայմանագիրը 2018 թվականի ապրիլի 12-ին ներկայացվել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, սակայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժվել է, քանի որ օտարման ենթակա, շենք-շինություններով ծանրաբեռնված հողամասը հանդիսացել է ոչ թե հիշյալ Կազմակերպության, այլ Երևան համայնքի սեփականությունը (այն Կազմակերպությանը տրամադրված է եղել անհատույց օգտագործման պայմանագրով, իսկ գրանցման համար չեն ներկայացվել անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված համապատասխան պահանջները կատարելու մասին փաստաթղթեր):

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Գ.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: