Սերժ Սարգսյան. Նրանք մեզ ասում են՝ ասեք, վերջապես, «այո» կամ «ոչ», այլեւս մի հապաղեք

Այսօր Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հարցազրույց են տվել «Եվրանյուզ» ալիքին` ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ:
Իր հարցազրույցում խոսելով Կազանի հանդիպումից` Սերժ Սարգսյանն ասել է, թե «լավատեսությունը հրաշալի որակ է, բայց անձամբ ես նախընտրում եմ լինել կառուցողական և պետք է ասեմ, որ իմ ակնկալիքներն այնքան էլ մեծ չեն»:

 

«Դուք խոսում եք զիջումների մասին, սակայն մենք բացարձակապես դեմ ենք միակողմանի զիջումներին: Մեզ հետաքրքրում են փոխադարձ զիջումները: Իսկ մեր իրավիճակի յուրահատկությունն այն է, որ մենք զիջման պետք է գնանք մի պետության, ժողովրդի, որը առիթ է փնտրում մեզ վրա կրակելու համար: ….Եթե Ադրբեջանը չի համաձայնում ինքնորոշման գաղափարի հետ, ապա ինչպե՞ս կարող են այդ երկրի իշխանությունները հայտարարել, թե բանակցությունները շարունակելու եւ խնդրի լուծման ուղիները որոնելու համար մտադիր են հենվել Մադրիդյան սկզբունքների վրա: Հիշեցնեմ, որ այդ փաստաթուղթը ենթադրում է երեք սկզբունքների կատարում՝ ուժի բացառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Եվ այս սկզբունքների հիմքում ոչ միայն հայկական կողմի առաջարկություններն են… Այնպես որ, ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ Ադրբեջանը երկար տարիների ընթացքում բանակցություններ է վարում մի փաստաթղթի շուրջ, որի կետերից մեկը չի ճանաչում»,- ասել է Սարգսյանը:

Նա նաեւ հավելել է, թե եթե Ադրբեջանը դեմ է ինքնորոշման սկզբունքին, այդ դեպքում պետք է ուղղակի հայտարարի, որ դեմ է հանդես գալիս Մադրիդյան համաձայնագրի երկու կամ գոնե մեկ դրույթին։

Լրագրողի հարցին, թե «Դովիլում Մեծ ութնյակի վերջին հանդիպման ժամանակ ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հայտարարեցին խնդրի «անհապաղ» կարգավորման անհրաժեշտության մասին, Ձեզ չի՞ թվում, որ միջազգային միջնորդները մի քիչ հոգնել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե քանի տարի է ձգվում այդ փակուղային իրավիճակը», Սարգսյանը պատասխանել է, թե իրեն չի թվում, որ միջազգային հանրությունը հոգնել է։

«Նրանք Հայաստանից, Ղարաբաղից և Ադրբեջանից պահանջում են վերջնական պատասխան։ Նրանք ցանկանում են հասկանալ՝ արդյոք շահագրգիռ կողմերը պատրաստ են փնտրել լուծում՝ հիմնվելով վերոնշյալ սկզբունքների վրա։ Նրանք մեզ ասում են՝ «ասեք, վերջապես, «այո» կամ «ոչ», այլեւս մի հապաղեք»։ Մենք հուսով ենք, որ պատասխանը կտրվի կազանյան հանդիպմանը»,- ասել է Սարգսյանը։

Իր հերթին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը նույն ալիքին տված հարցազրույցում ասել է, թե իր կարծիքով, «հայկական կողմը կառուցողական կգործի, իսկ մենք այնչափ քաղաքական կամք կունենանք, որ կարևոր քայլ կատարենք դեպի առաջ, և այդ դեպքում հակամարտությունն արագ կկարգավորվի»:

Հարցին, թե Ադրբեջանը ի ՞նչ է պատրաստվում առաջարկել Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման դեպքում, Ալիևը պատասխանել է. «Իրականում մենք մտադիր չենք առաջարկել ինչ-որ բան դարեր շարունակ Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի դիմաց. այն միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական տարածք է»:

Ալիեւը նաեւ ասել է, թե ինքը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ԼՂ-ի բնակչությանը եւ նրանց, ով կվերադառնա Լեռնային Ղարաբաղ, երաշխավորել աշխարհում հնարավոր ամենալայն ինքնավարությունը:

© Medialab.am