Որոշել եմ ընդառաջ քայլ կատարել․ Արցախի նախագահն արձագանքել է հավաքի մասնակիցների առաջարկներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է այսօր Ստեփանակերտի հրապարակում հանրահավաքի ժամանակ արված հայտարարությանը:

Արայիկ Հարությունյանի արձագանքը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը:

Ելնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության:

Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»,- ասված է գրառման մեջ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրավաքի մասնակիցները հանդես էին եկել հայտարարությամբ՝ պահանջելով Սամվել Բաբայանին նշանակել պետնախարարի պաշտոնում։