Քաղաքական գործերի դեպքում գիշեր-ցերեկ աշխատում են, բայց շարքային քաղաքացիների դեպքում պետություն չկա, ինստիտուտները չեն աշխատում. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, վերջին օրերին երկու դեպք՝ Վեդու մանկապղծության ու 19-ամյա տղայի արկածները մեքենայով, հանրային լուրջ քննարկման ու քննադատության առիթ են դարձել, իրավապահ մարմիններն արդեն արձագանքել են դեպքերին, բայց կարծիքներ են շրջանառվում, որ եթե չլիներ հանրային ճնշում, ապա իրավապահ մարմինները ոչինչ էլ չէին ձեռնարկի: Համակարծի՞ք եք, որ արդարադատությունը գործում է, երբ գործերը հանրային մեծ հնչեղություն են ստանում:

– Ես կարծում եմ, որ որևէ մեկի աշխատանքն այստեղ չպետք է գերագնահատել: Ընդհանրապես պետք է շատ նրբանկատ լինենք՝ հատկապես մանկապղծության այս դեպքի վերաբերյալ, որովհետև պետք է հաշվի առնենք անչափահաս քույրերի հանգամանքը, նրանց հետագա կյանքի ադապտացիոն փուլը սոցիալական միջավայրում հարմարվելու համատեքստում և այլն: 

Բայց պատասխանատվության, կանխարգելիչ գործառույթների իրականացման, ճիվաղներին՝ որպես ենթադրյալ հանցագործներ պատժելու առումով, ես կարծում եմ, պետությունը պետք է թույլ չտար որևէ շահարկման առիթ, այսինքն՝ այնքան անթերի պետք է աշխատեր պետությունը, որ որևէ մեկին հերթը չհասներ: 

Պետության իրավասու մարմինների սրբազան պարտավորությունն է նմանատիպ դեպքերի կանխարգելումը, պատժումը, ես չեմ կարող ասել, թե ո՛ր օղակն է իր գործառույթներում թերացել, բայց, իհարկե, հանրային հնչեղությունն ունի իր ազդեցությունը ու առաքելությունը, պետությունն էլ՝ իր: 

Ինչ վերաբերում է 19-ամյա երիտասարդի արկածներին, ապա ասեմ, որ ես այդ տեսանյութն ուղարկել եմ իմ որդիներին, որովհետև նրանք էլ են այդ տարիքին, որպեսզի տեսնեն, թե մարդն ինչպիսին չպետք է լինի: Դա լպիրշ, անդաստիարակ պահվածք է, որտեղ բոլորի մեղավորությունը կա՝ մանկապարտեզ, ընտանիք, դպրոց, սոցիալական միջավայր: Գլոբալ առումով մեր երթևեկությունը ճգնաժամի մեջ է, Հայաստանում երթևեկության մշակույթ գոյություն չունի, իսկ այդ մշակույթը ստեղծելու համար անհրաժեշտ են վիրահատական միջամտություններ: Այս տղայի դեպքը շատ ցցուն դրսևորումն է տիրող իրավիճակի՝ խուլիգանական պահվածք, անհարգալից վերաբերմունք երթևեկության մասնակիցների նկատմամբ: Այդ երիտասարդը, փաստորեն թքած ունի ոստիկանության, մեր հասարակական բարքերի, օրենքների, քաղաքացիների վրա, կներեք: 

Այստեղ նկատելի է մեր բոլորի պարտությունը, որովհետև մենք չենք կարողացել ստեղծել համակեցության այնպիսի կանոններ, որ 19-ամյա երիտասարդը հասկանա, որ նման վարքն անթույլատրելի է: 

Ցավոք սրտի, նրա նմանները շատ են, իսկ սա համակարգային պարտություն է՝ կրթության ճգնաժամն ի ցույց դնող օրինակ: Ես չգիտեմ, թե ի վերջո ի՛նչ պատիժ կսահմանեն այս երիտասարդի նկատմամբ, բայց պետությունը երբեմն պետք է շատ լուրջ պատժիչ քաղաքականություն իրականացնի, որ նման դեպքերը բացառվեն, որովհետև փորձը ցույց է տալիս, ինչքան ներում ես մարդկանց, այնքան նրանք անուղղելի են դառնում: 

– Նախօրեին գլխավոր դատախազը, անդրադառնալով Վեդու այս դեպքին, ասաց, որ սա միակ դեպքը չէ: Նրա այս հայտարարությունը արդյոք նշանակո՞ւմ է, որ թերացում եղել է պատկան մարմինների կողմից նախորդ նմանատիպ դեպքերի ժամանակ, քանի որ մենք այսօր էլ ունենք այդ դեպքերի կրկնություն:

– Կոնկրետ մանկապղծության դեպքերի հետ կապված մենք ունենք համակարգային խնդիրների ամբողջություն՝ սկսած առողջական լրջագույն խնդիրներից: Չեմ բացառում, որ նման դեպքեր մեզանում կան, բայց այլ հարց է, թե պետության կանխարգելիչ գործառույթները որքանո՛վ են ճիշտ աշխատում: Մենք պետք է կարողանանք մեր հասարակությանը, հատկապես այդ սեգմենտին կրթելու լուրջ առաքելություն իրականացնենք, որովհետև եթե դա չանենք, ապա հաջորդ դեպքը կարձանագրվի, սա պերմանենտ աշխատանք է, ու բոլորը պետք է զբաղվեն սրանով՝ սկսած ընտանիքից, վերջացրած հասարակությունով:

– Պարո՛ն Նորիկյան, այնուամենայնիվ, համաձա՞յն եք, որ իրավապահ համակարգն առավել օբյեկտիվ է գործում, երբ լինում է հանրային մեծ հնչեղություն:

– Իրավապահ համակարգը չի աշխատում. դատավարական ժամկետներն ուղղակիորեն տապալված են, կոպտագույն թերություններ են արձանագրվում, ու դրանով պայմանավորված՝ լուրջ դժգոհություն է առկա: Արձանագրում եմ, որ փնթի վերաբերմունք ունեն իրենց աշխատանքի նկատմամբ, իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով հանրության լուրջ սեգմենտ դժգոհում է, ու չեղած վստահության մակարդակն է՛լ ավելի է վատթարանում, չեն աշխատում այս ինստիտուտները: 

Երբ հարցը վերաբերում է քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին, շատ լավ, մեկ մարդու նման կանգնում են ու գիշեր-ցերեկ աշխատում, բայց երբ հարցը վերաբերում է շարքային քաղաքացիների պաշտպանությանը, այդտեղ պետություն գոյություն չունի, ինստիտուտները չեն աշխատում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am