Սա դեմարշ էր ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների ուղղությամբ և, ակնհայտ է, որ սա ռուսական ճնշման հետևանք է. Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանը

Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Արայիկ Հարությունյանի խոսնակը մեկնաբանել է, որ հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառն այն է, որ ռուս համանախագահ Պոպովը տարածաշրջանային այցին չի մասնակցում։ Ինչպե՞ս եք գնահատում, արդյոք սա հարված չէ՞ Մինսկի խմբին։

– Իհարկե այն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ նման հայտարարությամբ, դեմարշ էր ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների ուղղությամբ, և սա, ըստ էության, թուլացնում է պաշտոնական Երևանի դիվանագիտական դիրքերը։

Այն պատճառաբանությունը, որ բերվեց Արցախի կողմից, ակնհայտ է, որ սա ռուսական ճնշման հետևանք է, և թե այս ճնշումը ի՞նչ պայմաններում է իրականացվել, դա էլ է հասկանալի։

Ի վերջո, ռուսական ներկայությունն այնտեղ անվտանգության համար որոշիչ է, և եթե ռուսների կողմից կա հստակ պահանջ, Արցախի կողմից այլ բան սպասել երևի թե դժվար կլինի։ Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, այս քայլը և՛ Արցախի, և՛ Հայաստանի շահին հակառակ էր։

– Կասկածի տակ է դրվում Մինսկի խմբի նախագահների առաքելությունը։

– Բաքվում այն տեղի ունեցավ Ալիևի կողմից դեմոնստրատիվ նվաստացմամբ, իսկ որքան էլ պաշտոնական Երևանը հակված էր գործընթացը սկսել Մինսկի խմբի եռանախագահության սահմաններում, ապա Մինսկի խմբին այս դեմարշը թուլացրեց Երևանի հնարավորությունը։

– Պարո՛ն Մեհրաբյան, այս պահին ի՞նչ անելիք ունի Մինսկի խումբը։

– Բանակցությունների վերսկսում, ուրիշ անելիք չունի Մինսկի խումբը։

– Բայց Ռուսաստանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ դեմ է Մինսկի խմբի գործունեությանը։

– Ռուսաստանը ձեռք է բերել պայմանավորվածություններ Թուրքիայի հետ, և այդ պայմանավորվածության մեջ Մինսկի խմբի մասնակցություն չի նախատեսվում, կամ այնքանով, որ գան և օրհնեն այդ պայմանավորվածությունները, ընդ որում՝ առանց հարցեր տալու։ Մյուս կողմից էլ՝ այս ամենի վրա զարմանալ պետք չէ, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հնձում են այն, ինչ ցանել են վերջին տարիներին։ Եվ կանխարգելիչ որևէ քայլ չեն արել նման հեռանկար թույլ չտալու համար։

– Տեսակետ կա, որ Հայաստանը պետք է հիմա ճանաչի Արցախի անկախությունը։

– Իսկ Արցախը դա ուզո՞ւմ է։ Ես չգիտեմ, վստահ չեմ։ Եթե Արցախի կողմից նման ցանկություն չկա, ապա Հայաստանը դա ո՞ւմ և ինչի՞ համար անի։

– Նշվում է, որ ճանաչելուց հետո էլ գուցե Արցախը Հայաստանին պետք է միանա։

– Ես չգիտեմ՝ նման հնարավորություն կա՞, թե՞ ոչ։

– Մինսկի խմբի գործողություններում այսօրվա տեղի ունեցածը քայլերի վերանայման առիթ կտա՞։ 

– Սա հուշում է այն մասին, որ այլևս նոր իրողություններ են, որոնք պահանջելու են նոր քայլեր, նոր մոտեցումներ, իսկ թե ինչպիսի՛ն կլինեն այդ մոտեցումները, Փարիզի և Վաշինգտոնի փոխարեն չեմ կարող ասել։

Մանե Հարությունյան

MediaLab.am