Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը. Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետեւողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:

Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշվում է շտաբի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Արցախն արդեն մեկուկես օր շրջափակման մեջ է: Ադրբեջանցիները շարունակում են բնապահպանական պատճառաբանություններով փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Նրանց հետ բանակցում են ռուս խաղաղապահները, առայժմ՝ ապարդյուն: Արցախում պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24 ժամյա ռեժիմով՝ ստեղծված իրավիճակում աշխատանքները համակարգելու նպատակով:

Արցախի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել, որի արդյունքում որոշում է կայացվել նամակով դիմել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Արցախի Ազգային ժողովն էլ հայտարարությամբ դիմել է միջազգային կառույցներին, ՄԱԿ-ի անդամ երկրներին, ինչպես նաեւ Ռուսաստանին եւ ռուս խաղաղապահներին: Նրանք Ռուսաստանից ակնկալում են անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության իրավունքը, նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը: Արցախցի պատգամավորները նաեւ կոչ են անում հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ վերահաս աղետը կանխելու ուղղությամբ գործնական քայլեր կիրառելու համար:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ նախօրեին ժամը 10։30-ից կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին մնացած քաղաքացիները ստիպված գիշերել են Գորիսում։ Նշենք, որ ճանապարհի արգելափակման հետեւանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող եւ Լիսագոր համայնքները: