«Թուրքական նախապայմանները դեռ կան»․ փորձագետը Թուրքիայից դրական ազդակներ չի նկատել

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, այսօր ՀՀ վարչապետը կառավարության նիստում բառացի հայտարարեց հետևյալը «Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակին դրական ազդակով կպատասխանենք»։ Դուք հետևում եք թուրքական տեղեկատվական հոսքերին, ի՞նչ ազդակների մասին է խոսքը։

– Մշտադիտարկման ենթարկված բաց տեղեկատվական աղբյուրների համաձայն՝ այդպիսի դրական ազդակ կարող է դիտարկվել Թուրքիայի նախագահ Էրդողանի օգոստոսի 25-ին արած վերջին հայտարարությունը։ Վերջինն ասել էր, որ արցախյան հիմնախնդրի շրջանակներում ձևավորված նոր իրողությունների պայմաններում տարածաշրջանում բացվում է խաղաղության մեծ հնարավորություն։

Որպես վերջին հրապարակային ազդակ կարելի է գնահատել Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը։

– Բայց Թուրքիայի նախագահը նկատի ուներ ստեղծված իրավիճա՞կը, թե՞ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն, որ այդ երկիրը մշտապես նախապայմաններ է դրել Հայաստանի առաջ։

– Ես, բնականաբար, կդժվարանամ նշել, թե Թուրքիայի նախագահն ինչ նկատի ուներ։ Միայն կասեմ, որ առնվազն 44-օրյա պատերազմին հաջորդած ամիսների ընթացքում այս հռետորաբանությունը և այս ուղերձները՝ երբեմն շատ ավելի կոշտ ու երբեմն ոչ դիվանագիտական ձևակերպումներով, թուրքական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից հնչել են։

Բայց դրանց մեջ, բացի խաղաղության հաստատման հնարավորությունից, առավելապես պարունակել են նաև Հայաստանին ուղղված որոշակի նախապայմաններ։ Մասնավորապես, նշել են, որ եթե Հայաստանը ճիշտ քաղաքականություն վարի, հրաժարվի ռևանշիստական նկրտումներից, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։ Այսինքն՝ նախկինում Թուրքիայից հնչող հայտարարությունները որոշակի նախապայմաններ պարունակող բաղադրիչ են ունեցել, բայց վերջինը, կարծես թե, համեմատաբար մեղմ էր ձևակերպված։

Բայց և այնպես նաև այս հայտարարությունը, ընդհանուր առմամբ, տեղավորվում է թուրք-ադրբեջանական ուղեգծի տիրույթում, որի շրջանակներում կարելի է հասկանալ հետևյալ նախապայմանները՝ արցախյան հիմնախնդրի թեման չարծարծել միջազգային քաղաքական օրակարգում, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների կամ որ նույնն է՝ Կարսի պայմանագրի ճանաչում, ընդունում, Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարում, ճանապարհների ապաշրջափակման միջանցքային տրամաբանության զարգացում։

Նշածս այս նախապայմանները բխում են թուրք-ադրբեջանական շահերից։

– Հնարավո՞ր է այդ ազդակների դրական լինելը կամ Թուրքիայից հնչած հայտարարությունները հայկական կողմի մոտ տարընկալման խնդիր են առաջացրել։

– Վստահաբար նկատվում են, պարզապես իմ կարծիքով՝ Փաշինյանի այս հայտարարությունը առավելապես քաղաքական, դիվանագիտական նշանակություն ունեցող հայտարարություն է։ Այսինքն՝ դրա նպատակը որոշակի դիվանագիտական գործընթացի խրախուսումն է։

– Կարծում եք՝ Հայաստանը փորձում է քայլեր անել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությա՞մբ։

– Եթե վարչապետը հիմնվում է թուրքական կողմում զուտ տեղեկատվական դաշտում եղած խոսույթի կամ հայտարարությունների վրա, ապա դրական ազդակների մասին տպավորություն ստանալու հիմքեր չկան։ Իսկ եթե կան ոչ հրապարակային ուղերձներ, որոնց մասին մենք, բնականաբար, տեղեկացված լինել չենք կարող, ապա դրանք որոշակիորեն հնարավոր է ինչ-որ գործընթացի հիմք հանդիսանան։

Բայց, պնդում եմ՝ եղած հայտարարությունները դրական տպավորություն չեն թողնում ու նման կանխատեսումների հիմքեր չեն ստեղծում, այսինքն՝ այս պահին Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել։

ՀՀ վարչապետի հայտարարությունը բովանդակային առումով բխում է գործող քաղաքական ուժի որդեգրած քաղաքականությունից և կառավարության գործունեության ծրագրից։ Այսինքն՝ խաղաղության օրակարգի շրջանակներում է։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am