Սլովակիայի Ազգային խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից ապրիլի 1-ին 120 կողմ ձայնով միաձայն ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»բանաձևը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևում խստորեն դատապարտվում են խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորը մտահոգություն է հայտնվում, ռազմագերիների և բռնի կերպով պահվող այլ անձանց, ներառյալ՝ քաղաքացիական անձանց, Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների համաձայն, ազատ չարձակման առնչությամբ։

Բանաձևով Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին կոչ է արվում ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ առանց սահմանափակումների:

Սա Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված վերջին 44-օրյա պատերազմի վերաբերյալ երկրորդ բանաձևն է, որն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհուրդը։ Առաջին՝ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» բանաձևը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունվել է 2020թ․ հոկտեմբերի 22-ին։

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդ

Բանաձև

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

ապրիլ 2021թ

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհուրդը

ա. հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը լիակատար զինադադարի վերաբերյալ հայտարարությունը, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին,

բ․ խստորեն դատապարտելով խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական շինությունների, ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների ոչնչացումը,

գ. մտահոգություն հայտնելով հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ,

դ. շեշտելով, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո,

ե. խորապես մտահոգություն հայտնելով այն կապակցությամբ, որ բոլոր ռազմագերիները և բռնի պահվող այլ անձինք, ներառյալ՝ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների,

զ. կոչ է անում Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին ապահովել.

-պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը,

-բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը.

-միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ առանց սահմանափակումների: