Մեր տեղեկություններով ՌԴ-ն պատրաստվում է հասցեական հայտարարություն անել. ԱԺ նախագահ

Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունն արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր ունեցած տեղեկություններով՝ նաև Ռուսաստանի Դաշնությունն է պատրաստվում  նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ մեր գործընկերները հուսախաբ չեն անի»,- ասաց Սիմոնյանը:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: