Դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների պայմաններում․ ՀՀ ԱԳ նախարար

«Ազատություն» – Հայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնում Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից։

Արարատ Միրզոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հայկական կողմի խնդրանքը փոխանցվել է թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը։

Իսկ թե ինչու հայկական կողմը հետաձգեց հանդիպումը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում:

«Ազատություն»․ – Նախարար Լավրովի ելույթում հնչել է նաև համոզմունք միջադեպերի շարունակականության մասին, եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին։ Ինչպե՞ս է պետք, ըստ Ձեզ, սա ընկալել։

Միրզոյան․ – Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: