ՀՀ նախագահն ու ԿԲ նախագահը քննարկել են ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիները

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը նշել է, որ անցնող տարվա ընթացքում նաև Կենտրոնական բանկի ադեկվատ քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների:

«Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար: Իմ անձնական դիտարկումներով՝ Կենտրոնական բանկի գործողությունները շատ ադեկվատ էին, ինչի արդյունքում մեր մոտ և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան, ֆինանսական համակարգում որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել: Դուք էլ շատ լավ գիտեք, որ ֆինանսական համակարգը սիրում է հանդարտություն և կառավարելիություն: Ես հույս ունեմ, որ եկող ևս նույն կերպ կշարունակեք»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատականի համար և նշել, որ մշտապես զգում է Հանրապետության նախագահի աջակցությունը:

«Մենք միշտ Ձեր աջակցությունը զգում ենք մեր փոխադարձ շփումներում, միշտ փորձում ենք Ձեզ տեղեկացված պահել զարգացումների և մեր ծրագրերի վերաբերյալ: Ինչպես արդեն նշեցիք, տարին մարտահրավերներով լի էր, բայց Կենտրոնական բանկը բալանսավորված քաղաքականություն վարելով՝ տարին փակում է տարածաշրջանի և զարգացած երկրների համեմատ բավական լավ ցուցանիշներով»,- ասել է ԿԲ նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա տարում ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը և վերջիններիս չեզոքացմանն ուղղված՝ Կենտրոնական բանկի ձեռնարկելիք միջոցառումները: