Փաշինյանի հրահանգն ավելի թանկ է, քան 18-ամյա տղայի կյանքը. դաժան, անմարդկային իրավիճակ են ստեղծել նրա շուրջ. Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը 

– Տիկի՛ն Ալեքսանյան, գլխավոր դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ լիազորությունն ու փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը, ինչպես հայտնել է նրա փաստաբանը: Դավիթ Մինասյանի գործի հետ կապված այս զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում:

– Ամբողջությամբ դատախազի բացառիկ իրավասությունն էր, որ կարող էր մինչև Վերաքննիչ դատարանի որոշումը փոխել միջնորդությունը, բայց, փաստորեն, մերժել է: Այսինքն՝ պատվերն այնքան ուժգին է ու այնքան ուղիղ, որ չի կարողացել փոխել միջնորդությունը: 

Նախ՝ ապօրինի է Դավիթ Մինասյանի կալանքը, այն հիվանդությունները, որ նա ունի, անհամատեղելի են բանտային պայմանների հետ: Դատախազը բացահայտ ապօրինի մերժում է այս միջնորդության կիրառությունը, Նիկոլ Փաշինյանի հրահանգն ավելի թանկ է, քան այդ 18-ամյա տղայի կյանքը: 

Նրա վիճակը չի լավանում այս ընթացքում, շատ կարևոր է այստեղ այդ հոգեբանական վիճակը նաև՝ բացի հիվանդություններից, կալանքի ամենախիստ սահմանափակումներ են կիրառել, որ անգամ մայրը չի կարող հանդիպել իր տղային: Այսինքն՝ դաժան, անմարդկային իրավիճակ են ստեղծել այդ տղայի շուրջ: 

Փաշինյանն ուզում է ասել, որ իր կողքը ճանճն էլ չի կարող անգամ տզզալ, ասեմ, որ հենց Փաշինյանն է խաթարել եկեղեցու հանգիստ մթնոլորտը՝ ուշացումով, այդ թիկնապահական խմբով անցնել մարդկանց միջով ու հասնել մինչև խորան: Աստված մի արասցե, եթե այդ տղային մի բան պատահի, պարզ է, որ պատասխանատուներ չեն լինի, այսինքն՝ այս առումով դատախազն անվախ է: Քաջ գիտակցելով, որ տղայի վիճակը կարող է ավելի վատանալ, բայց փաստորեն չունի նման մտավախություն, որովհետև մտածում են, որ պատասխանատվությունից խուսափելու են, եթե այդ տղային մի բան լինի, բայց պատասխանատվությունն իրենց վրա է: 

Քանի որ Նիկոլ Փաշինյանի մոտ իսպառ բացակայում է պատասխանատվությունը, նա ուղղակի հրահանգում է, ու այն պետք է կատարվի, բայց դատախազը պարտավոր է հրաժարական տալ՝ այդ տղային բանտում ապօրինի պահելու համար: 

– Ասում եք՝ ունեցած առողջական խնդիրներն անհամատեղելի են կալանքի հետ, բայց առողջապահության նախարարը մտահոգվելու առիթ չի տեսնում, ասում է, որ բոլոր կալանավորված անձինք էլ անհրաժեշտ բուժումը ստանում են, ՄԻՊ-ն էլ կարծես թե որևէ խնդիր չի տեսնում:

– Նման հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, նման օրենք կա, ու իրենք փաստորեն չեն ուզում խափանման միջոց կալանքը փոխել տնային կալանքի: Նիկոլի պաշտամունքը թույլ չի տալիս ո՛չ դատախազին, ո՛չ առողջապահության նախարարին, ո՛չ էլ արդարադատության նախարարին միջոցներ ձեռնարկել: 

Գլխավոր դատախազն օրենքից դուրս է գործում ու պետք է հրաժարական ներկայացնի, տեսում ենք՝ պատվեր է, որ կատարում է, ու ինքը վատ չի զգում այդ ամենից: Դեռ Բագրատ Սրբազանի գործից սկսած, այն, ինչ ինքը խորհրդարանում ներկայացնում էր իբրև ապացույց, հերքվեց, բայց Սրբազանը դեռ կալանքի տակ է, իսկ դատախազը շարունակում է նույն ոճով: Ես չեմ հասկանում այս տղայի նկատմամբ կիրառվող դաժանության իմաստը, մարդկային որևէ բանի մասին չեմ էլ խոսում, որովհետև ես չեմ էլ ակնկալում, որ որևէ մարդկային դրսևորում կունենան թվարկյալ նախարարներն ու Նիկոլ Փաշինյանը: 

– Տիկի՛ն Ալեքսանյան, օրերս Դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էր՝ Դավիթ Մինասյանի կալանքը փոխելու պահանջով, սակայն գլխավոր դատախազը չիջավ հանդիպելու ցուցարարներին և նրանցից որևէ մեկին չընդունեց։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը․ կարո՞ղ ենք սա դիտարկել որպես հանրային պահանջների նկատմամբ անարձագանք վերաբերմունք, թե՞ այն ունի այլ բացատրություն։

– Դե, դատախազին թվում է, թե ինքն այնքան վերևներում է, ինքը երկնքում է իրեն զգում, ինչպե՞ս կարող է սովորական մարդկանց հետ հանդիպել: Ամեն ինչն ի վերջո վերջ ունի, իրենց թվում է, թե միշտ կարողանալու են խուսափել պատասխանատվությունից, բայց այդպես չէ: Սա բռնություն է այդ տղայի նկատմամբ, այս կերպ նրանք փորձում են նաև հանրության վրա ներգործություն ունենալ՝ իրենց ատելությամբ, դաժանությամբ: Հետաքրքիր է, թե որքա՛ն կհերիքի դատախազի երևակայությունը գործեր սարքելու համար:

Տղային ու իր ընտանիքին մաղթում եմ ամրություն, առողջություն, որ կարողանան հաղթահարել այս ամենը: Զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս դեպքը համեմատեց «Պոպլավոկի» հայտնի դեպքի հետ, կարծես թե հպարտանում է, որ ինքը մարդ չի սպանում՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի: Բայց իրենք ի՞նչ են անում, հոգեբանորեն խոշտանգում են այս մարդուն ու այն էլ նախընտրական այս փուլում, ու քվե է ուզում ստանալ: Ես սա թշնամական վերաբերմունք ու ատելություն եմ գնահատում մարդու նկատմամբ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am