Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է փորձեն ուղիղ խոսել Ադրբեջանի հետ՝ պահելով և՛ ռուսական, և՛ արևմտյան դիվանագիտական ջանքերը. Թաթուլ Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լուսանկարում՝ Արցախի 120 հազար մեր հայրենակիցներին շրջափակման և պատանդ պահող ընկերները, 8 օգոստոսի, 2016թ, Բաքվում

Այսօր, երբ Ռուսաստանը ավելի է ներքաշվում ուկրաինական մսաղաց՝ ոչ խոստումնալի հետևանքներով, Հայաստանի և հատկապես Արցախի իշխանությունները պետք է փորձեն ուղիղ խոսել Ադրբեջանի հետ՝ պահելով, անշուշտ, և՛ ռուսական, և՛ արևմտյան դիվանագիտական ջանքերը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը պետք է փորձեն խոսակցության եզրեր փնտրել… Հասկանալի է, որ շատ բարդ է, դժվար է, երբեմն՝ անհնար, բայց այսպես շարունակվել չի կարող: Դո՛ւք, Արցախի և Հայաստանի իշխանություններ, պատասխանատու եք այս վիճակի համար, որովհետև իշխանություն եք: Իշխանություն՝ նշանակում է պատասխանատվություն և ոչ ստանդարտ մոտեցումներ և լուծումներ:

Արցախը Նախիջևանին ճակատագրին մատնելու 1919 թվականի օրինակը ամենահանցավորը կլինի արցախահայության և հայ ժողովրդի հանդեպ ընդհանրապես:

Մի հավատացեք Մադրիդյան սկզբունքները մեջբերող, Շուշին բանակցային սեղան բերող անպատասխանատու պոռոտախոսներին:

Նրանք իրենց հանցավոր պատասխանատվությունն են փորձում մեղմել պատմության գրվելիք հատորներում:

Այս պահին, այսօր, պետք է իր սեփական հողի վրա պահել Արցախի մեր ժողովրդին:

Արցախն ու Հայաստանը մենակ են մնացել, ինչպես եղել է մեր պատմության մեջ: Որոշումներ կայացնելիս՝ պետք է մեկնել հենց այս՝ մենակության ԴԱԺԱՆ փաստից»։