Արցախի հարցում սթափվելու և նոր ուղի ընտրելու ժամանակն է. Սասնա ծռեր

Արցախի հարցում սթափվելու և նոր ուղի ընտրելու ժամանակն է. Սասնա ծռեր
Արցախի հարցում սթափվելու և նոր ուղի ընտրելու ժամանակն է. Սասնա ծռեր
Հեղինակ MediaLab

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Արցախի հարցում սթափվելու և նոր ուղի ընտրելու ժամանակն է: Գաղտնիք չէ, որ մինչ օրս Արցախի հարցում ստատուս քվոն պահպանվել է և այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված ու մեզ համար աղետալի լուծման մեխանիզմը չի գործարկվել Ադրբեջանական կողմի առավելապաշտական ու կոշտ դիրքորոշումների պատճառով:
Հայկական կողմը, որպես կանոն, միշտ համաձայնել է Մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ արված հակահայ առաջարկներին՝ հույս ունենալով, որ Ադրբեջանական կողմը կմերժի դրանք:

Սակայն ամեն ինչ վերջ ունի: Այսօր արդեն Ադրբեջանի արտգործնախարարից տեղեկանում ենք, որ Ադրբեջանական կողմը դեմ չէ ազատագրված տարածքներում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկությանը: Զուգահեռաբար՝ Հայկական կողմից, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարից, հստակ պարզաբանման և ցանկալի հերքման փոխարեն լսում ենք անհեթեթ ու մշուշապատ դատողություններ:
Նման զարգացումը տրամաբանորեն հանգեցնելու է Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված մեխանիզմի գործարկմանը, ինչն աղետալի կլինի Հայկական կողմի համար:

ՀՀ իշխանություններին հորդորում ենք սթափվել, հրաժարվել նախորդ ռեժիմի իրավահաջորդությունից, դեն նետել նրա սպառված ու դավաճանական կոնսպեկտը, հրաժարվել Արցախի ինքնորոշման և անկախության կեղծ ու կործանարար հայեցակարգից և որդեգրել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում ՀՀ-ին Արցախի միացումն ամբողջացնելու ուղին:

Ժամանակն է հասկանալու, որ փակուղային թվացող այս իրավիճակում մենք հայտնվել ենք մեր իսկ մեղքով: Որովհետև Արցախյան շարժման ընթացքում շեղվել ենք միացման ճշմարիտ ուղուց, դավաճանել ենք ինքներս մեզ և ընտրել ենք թուրք-բոլշևիկյան հակահայ դաշինքով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը պահպանելու և Ռուսական կայսրության ազդեցության տակ մնալու ուղին, ինչից էլ բխում է Արցախի կեղծ ինքնորոշման և անհեթեթ անկախության կործանարար հայեցակարգը:

Ժամանակն է նաև հասկանալու, որ սահմանների անձեռնմխելիության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ հետսառըպատերազմյան շրջանում դեռևս պահպանված կոշտ պատկերացումներն ու մոտեցումներն արդեն իրենց տեղը զիջել են ոչ միայն երկրորդ, այլև առաջին համաշխարհային պատերազմով գծած սահմանների վերանայման մոտեցումներին: Եվ որ դա էապես դյուրացնում է խորհրդային ու հետխորհրդային համատեսքստերից հրաժարվելու, Այսրկովկաս կոչվող արհեստական տարածաշրջանից դուրս կյանքը պատկերացնելու և Մեծ Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներին լիարժեք սուբյեկտի կարգավիճակով՝ առանց ռուսական խնամակալության, մասնակցելու գործը:

Ու, թեև Ժամանակը սուղ է, ի բարեբախտություն մեզ, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը շատ նպաստավոր է առանց կտրուկ քայլերի և ցնցումների ՀՀ-ին դե յուրե միացնելու գործընթացն ավարտին հասցնելու միջոցով Արցախի հարցը վերջնականապես լուծելու համար: