«ԱԱԾ-ն եթե խնդիր չտեսներ, նման նախագիծ չէր ներկայացնի». ինչու է խստացվում ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը «Քաղաքացիության մասին» օրենքում կատարած փոփոխություններով առաջարկում է, որ ազգությամբ հայ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը ՀՀ քաղաքացիություն կարող է ձեռք բերել վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով ՀՀ-ում բնակվելու կամ գտնվելու դեպքում:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ազգությամբ հայերը Հայաստանում բնակվելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք, սակայն «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված չէ, թե ո՛ր պահից է անձը համարվում Հայաստանում բնակություն հաստատած:

Հանրային քննարկման դրված նախագծի հիմնավորումներում ԱԱԾ-ն բացատրում է, որ վերջին տարիներին կատարված մեծաթիվ ուսումնասիրություն­նե­րի արդյունքում պարզվել է՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մեծ մասը, հատկապես Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները, երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ, կարճ ժամկետներով, իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն հայցելու նպա­տա­կով: Նշվում է, որ նրանք տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատ­մու­թյան, ՀՀ-ում ընթացող հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործըն­թաց­նե­րի մասին, ճանաչված չեն ծագման երկրի հայ համայնքում, որևէ մասնակցություն չունեն ծագման երկրներում հայ համայնքի և հայկական եկեղեցական կյանքին և, որպես կանոն, չեն իրա­կանացնում հայանպաստ գոր­ծու­նեություն:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պազվել է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների՝ հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստանի Հանրապետություն չեն այցելել:

Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ, ըստ ԱԱԾ-ի, ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար:

Այս ու այլ խնդիրներից ելնելով՝ ԱԱԾ-ն առաջարկում է որոշակիորեն խստացնել և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար պարտադիր պահանջել, որ անձը վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր գտնվի Հայաստանում:

«Այսպիսի պահանջի սահմանումը թույլ կտա ՀՀ իրավասու մարմիններին առավել երկար ժամանակ ունենալ տվյալ անձի ազգությամբ հայ լինելու հանգամանքի իսկությունը պարզելու համար: Բացի այդ, տվյալ անձի կողմից որոշակի կենսական կապեր կստեղծվեն Հայաստանի հետ: Առնվազն ՀՀ այցելելու ընթացքում, որպես օտարերկրացի, տվյալ անձը կհայտնվի ՀՀ իրավապահ մարմինների տեսադաշտում նախապես, ինչը թույլ կտա առավել ամբողջական պատկերացում կազմել տվյալ անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրական շարժառիթների վերաբերյալ»,- պահանջը հիմնավորում է ԱԱԾ-ն:

«Քաղաքացիություն ստանալու գործընթացը զուգորդվում է ազգային անվտանգության հետ կապված խնդիրներով, և ԱԱԾ-ն, բնականաբար, եթե խնդիր չտեսներ, նման նախագիծ չէր ներկայացնի: ԱԱԾ-ն ունի իր մտահոգությունները, որոնք չի կարելի անտեսել: Հայաստանի անձնագիր ստանալը չպետք է ինքնանպատակ դառնա»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է փորձագետ, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:

Հանրային քննարկման դրված նախագիծն արդեն հասցրել է քննադատել խորհրդարանական ընդդիմությունը՝ անընդունելի համարելով, իրենց խոսքով՝ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը խստացնելը:

Բիչախչյանն ասում է՝ նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է, և շատ հավանական է, որ կներկայացվեն առաջարկությունները, փաստաթուղթը կլրամշակվի:

Մասնագետը ևս ունի առաջարկություններ. «Օրինակ՝ կարելի է առանձնացնել ծագումով հայ և ազգությամբ հայ հասկացությունները, սահմանել բացառություններ և որոշ խմբի անձանց նկատմամբ ներմուծվող դրույթը չտարածել: Կարելի է նախատեսել մեղմացնող դրույթներ, օրինակ՝ երբ անձը ՀՀ-ում ունի սեփականություն, գույք կամ ՀՀ-ում ունի մերձավոր ազգական, կարելի է նրա վրա չտարածել այդ դրույթը: Կարծում եմ՝ արժի մի քանի չափորոշիչներ սահմանել, որպեսզի այն անձինք, որոնց կենսական շահերը Հայաստանում են կամ կապված են Հայաստանի հետ, 60 օր ապրելու պահանջ չունենան: Մի քանի հարցեր կան, որոնք հարթելու պարագայում, կարծում եմ, հնարավոր է ստանալ կոմպրոմիսային փաստաթուղթ, որը վնաս չի պատճառի ազգային անվտանգությանը և դիմող քաղաքացուն»:

Մնացական Բիչախչյանի խոսքով՝ ամեն ինչի մեջ չպետք է քաղաքական ենթատեքստ փնտրել, ի վերջո, ազգային անվտանգության խնդիր է առաջ քաշվում: «Մարդկանց քաղաքացիություն ստանալու շրջանակի պատասխանատուն ԱԱԾ-ն է, որն էլ ասում է՝ տեսնում եմ խնդիրներ, թող ընդդիմությունն էլ ներկայացնի իր հակափաստարկը, քննարկեն: Սա մասնագիտական հարց է, և եթե տեսնում են խնդիրներ, թող ներկայացնեն առաջարկություններ, լրամշակեն նախագիծը»,- հավելում է Մնացական Բիչախչյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am