Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի բողոքն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ԴատաԼեքս դատական տեղեկատվական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

«Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության` արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին, մերժել:

Պետական տուրքի հարցը համարել լուծված»,- ասվում է հրապարակված վճռի մեջ։ Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
Հիշեցնենք, որ հայցը վերաբերում է 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը.

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։