Նախագահ Խաչատուրյանը ժամանել է Տալլին, հանդիպել Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Տալլին:

Նախատեսված են հանդիպումներ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետի և Ռիյգիկոգուի՝ խորհրդարանի խոսնակի հետ:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Մերձբալթյան երկրներում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Հայ առաքելական եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է Էստոնիայի և Մերձբալթյան երկրների հետ բազմաշերտ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի պատրաստակամությունը: Այս համատեքստում նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների ակտիվացումն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Հանրապետության նախագահն անդրադարձել է հայաստանյան և տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին, նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիային, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը, տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի որդեգրած սկզբունքներին։

Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել հայկական համայնքների համար նման մակարդակի այցելությունների և շփումների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում համայնքի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին հղել են իրենց հուզող հարցերը, բարձրացրել որոշ խնդիրներ: Քննարկում է ծավալվել նաև Հայաստանի, Սփյուռքի, հայկական համայնքների և կառույցների միջև արդյունավետ ու սերտ փոխգործակցության զարգացման առարկայական հնարավորությունների և առկա ներուժի լիարժեք իրացման շուրջ։