Ռուսական կողմը պատրաստ է Մոսկվայում բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև. Զախարովա

Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ մասին մենք տեղեկացրել ենք թե՛ Երևանին, թե՛ Բաքվին, հրապարակայնորեն խոսել ենք այդ մասին: Մենք համարում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, պատրվակ՝ սառեցնելու բանակցային գործընթացը, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև շփումները», – ասել է Զախարովան։