Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է զենք կրելու իրավունք ունենան. Սերգեյ Բագրատյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը

– Դուք և «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդես եք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում եք զինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Ինչո՞ւ առաջացավ նման գաղափար, կարծում եք դրա անհրաժեշտությունը կա՞:

– Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության շրջանակում ձևավորվել են Հայաստանի նոր սահմաններ: Այս փաստով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն, որ մենք «Զենքի մասին» օրենքում կատարենք փոփոխություն, որ սահմանամերձ համայնքում բնակվողը որսորդական հրազեն կրելու իրավունք ունենա:

Դա պետք է լինի տվյալ համայնքում հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացի: Այսինքն՝ ոչ միայն հաշվառված լինի, այլ նաև փաստացի բնակվի այդ համայնքում, որպեսզի մենք չունենանք չարաշահում, որ եթե մարդը գրանցված է սահմանամերձ համայնքում, բայց բնակվում է Երևանում, այդ իրավունքը նրան չտրվի:

Սրա նպատակն է, որ մենք լրացուցիչ վստահություն փոխանցենք մեր քաղաքացիներին, որ ունենալով ինքնապաշտպանության հնարավորություն, ավելի սթրեսակայուն իրավիճակ կունենանք:

Չմտածեն, որ բացարձակ անպաշտպան են: Բացի այն, որ սահմանին մեր սահմանապահ զորքերն են կանգնած, այդ մարդիկ իրենց տանը կունենան որսորդական զենք: 

– Չկա՞ մտավախություն, որ բնակիչները զենքը կուղղեն իրար դեմ, միմյանց միջև հարցերը կփորձեն զենքի միջոցով պարզել: 

– Մենք հիմա սահմանում ենք, որ զենքը ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի 18 տարին լրացած քաղաքացին, որը նաև համապատասխան ստուգումներ է անցնում, նրա հոգեբանական վիճակն են ստուգում, եթե քրեածին տարր է, չի կարող զենքի թույլտվություն ստանալ:

Այսինքն՝ մենք այդ հարցին էլ ենք հետևում, որպեսզի քաղաքացին հանկարծ գայթակղության չգնա: Զենքը տրվելու է բոլոր ստուգումները, փորձաքննությունները անցած և իրազեկված քաղաքացուն: Խոսքն ադեկվատ քաղաքացու մասին է:

Բնականաբար, պետք է հասկանալ, որ եթե այդ զենքը այլ նպատակի համար օգտագործվի, ապա քրեական պատասխանատվություն է ենթադրում:

Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար պետք է ոստիկանություն ներկայացնել սահմանված ձևի դիմում և բժշկական եզրակացություն՝ զենքի տիրապետմանը խոչընդոտող որևէ հիվանդության բացակայության մասին, և տեսողության ստուգման, և հոգեկան հիվանդության ստուգման, և ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ պետք է կապ չունենա:

Բոլոր այդ փորձաքննությունները հաստատող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում նոր կունենա այդ ինքնապաշտպանական ողորկափող հրազենը: Սրա նպատակը զուտ գիտակից քաղաքացուն ինքնապաշտպանության հնարավորություն տալն է:

Բժշկական ստուգումը առողջապահության բնագավառի լիազոր մարմինն է իրականացնում, հետևաբար, մենք որոշակի ապահովություն ունենք կիրառման հետ կապված վտանգներից խուսափելու իմաստով:

Եթե դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձ է, նա չի կարող օգտվել այդ իրավունքից: Հանցագործության համար պատիժ կրողներին արգելվելու է զենք կրել:

Այդ բոլոր ստուգումներն անցնելուց հետո իրազեկված քաղաքացին գիտի, որ եթե այդ զենքի նպատակն ինքնապաշտպանությունն է, այլ նպատակով չի կարող օգտագործել:

– Եթե պատերազմի ժամանակ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները զենք ունենային, մենք ա՞յլ արդյունք կունենայինք:

– Դա ավելի շատ ոչ թե մարտական գործողություններին մասնակցելու նպատակ ունի, այլ ինքնապաշտպանության:

Այսինքն՝ եթե պատերազմի ժամանակ այդ բնակավայրի վրա հարձակում լինի, բնականաբար, մարդը կարող է պաշտպանվել, բայց այդ զենքը նախատեսված չէ հարձակողական գործողությունների, մարտական գործողությունների մասնակցելու համար:

Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ից հետո Սյունիքի բնակավայրերի մոտ որոշակի անհանգստություն առաջացավ, որոշակի ռիսկեր առաջացան, և քաղաքացին, եթե իր տանն ունենար ինքնապաշտպանական զենք, կարող էր 1-2 օր սպասել, մինչև մեր բանակի, ազգային անվտանգության ստորաբաժանումները իրենց պարտականությունները կսկսեին կատարել:

Այսինքն՝ ռիսկերի ավելի ցածր աստիճան կունենայինք: Մենք սա մի քիչ կարծես ուշացրեցինք, բայց սա կարևոր քայլ է: Մենք՝ որպես պատգամավորներ, պարտավոր ենք մեր սահմանամերձ գյուղերի բնակիչների հանրային պահանջը օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնել, ինչն էլ արեցինք:

– Սահմանամերձ բոլոր գյուղերի բնակիչները կո՞ղմ են այս լուծմանը:

– Այո՛, բոլորի հետ զրուցել ենք, բոլորն էլ ողջունում են, բազմաթիվ զանգեր ենք ստանում, խնդրում են արագացնել:

Մենք համապատասխան հանձնաժողովի հետ էլ ենք քննարկել, ուշացման համար խոչընդոտներ չկան: Մեր նպատակն է, որ ցանկացած քաղաքացի ունենա ինքնապաշտպանվելու հնարավորություն:

Պետք է նաև ուսումնասիրել զարգացած երկրների փորձը, օրինակ՝ Ամերիկայում բոլորն իրավունք ունեն հրազեն ունենալու: Դու չես կարող մտածել, որ զենք ունես, ուրեմն առավելություն ունես: Երբ կողմերը զինված են, ռիսկերը գնահատում են և փորձում են զենքի չդիմել: Զենքը այս դեպքում նաև զսպող նշանակություն ունի:

– Ե՞րբ այս փոփոխությունն օրենքի ուժ կստանա:

– Մենք հանձնաժողովում պայմանավորվել ենք, որ շատ արագ քննարկեն և ուղարկեն կառավարություն: Կփորձենք, որ մեկ ամսվա ընթացքում մտնի շրջանառության մեջ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am