ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Հայաստանի և Թուրքմենստանի միջև ձևավորված բարեկամական կապերը, նշել է, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է գրավում: Նախարարի խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունը նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
ԿԳՄՍ նախարարը միջբուհական համագործակցության զարգացման համատեքստում առանձնացրել է դրա կայուն զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով՝ ընդգծելով, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում է Թուրքմենստանի 30 քաղաքացի:
Ժաննա Անդրեասյանը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել՝ Թուրքմենստանի գործընկեր կառույցների հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր կյանքի կոչելու միջոցով:
Նախարարը կարևորել է համագործակցության շարունակությունը ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Թուրքմենստանի Գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության և ֆիզիկայի ինստիտուտի միջև: Այդպիսի համագործակցությունը, ըստ նախարարի, հեռանկարային է գիտության ոլորտում նոր ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնելու համար:
Կողմերը դիտարկել են նաև մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությունը՝ երկու երկրներում անցկացվող միջազգային միջոցառումներին թատերական արվեստի վարպետների, անհատ կատարողների, ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2023 թվականին նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և ցանկալի կլինի թուրքմեն մշակույթի գործիչների մասնակցությունը հոբելյանական միջոցառումներին:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներպետական համաձայնեցման ընթացակարգ է անցել «ՀՀ կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև մշակույթի ու արվեստի բնագավառում 2022-2024 թվականների համագործակցության» ծրագրի նախագիծը, որը 2022 թ. հունիսին փոխանցվել է թուրքմենական կողմին՝ փոխհամաձայնեցման: Կողմերը համաձայնվել են ծրագրի նախագծի ժամկետները փոխել՝ սահմանելով 2023-2024 թթ.:
Երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում Ժաննա Անդրեասյանն առաջարկել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում և Երևանի Օլիմպավանում անցկացնել համատեղ ուսումնամարզական հավաքներ ազատ ոճի ըմբշամարտ, ծանրամարտ, հունա-հռոմեական ըմբշամարտ, ձյուդո և բռնցքամարտ մարզաձևերից: Նշվել է, որ այսօրինակ ծրագրերը կնպաստեն երիտասարդ սերունդների միջև շփումների համար անհրաժեշտ նոր հարթակների և հնարավորությունների ստեղծմանը:
ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովն իր հերթին շնորհակալություն է հայտնել թուրքմենական կողմի նախաձեռնություններին աջակցելու համար՝ նշելով, որ մեծ ուշադրություն են դարձնում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը:
Դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Թուրքմենստանի համատեղ միջոցառումներին, մասնավորապես՝ նշվել է, որ 2019 թ. նոյեմբերի 5-7-ը Թուրքմենստանում կայացել են Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք ցուցադրություններ, փորձի փոխանակման և վարպետության դասեր: 2020 թ. մայիսի 4-6-ը նախատեսվում էր իրականացնել «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը, սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ծրագիրը հետաձգվել է, և այն Հայաստանում կանցկացվի այս տարի:
Մուհամետգելդի Այազովը խոսել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Հայաստանի ազգային ագրարային և Թուրքմենստանի Ս. Ա. Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության և Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության և ֆիզիկայի ինստիտուտների, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, ինչպես նաև Երևանի պետական և Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանների միջև համագործակցության ընդլայնման հարցերի մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: