Հեղափոխությունից հետո պետական մարմինների վերաբերմունքի դինամիկան ավտոապահովագրող ընկերությունների նկատմամբ. Fip.am

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կատարվող փոփոխությունների շնորհիվ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքն է սահմանում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրավճարի (ԱՊՊԱ) գինը։ Այժմ դեռ գործում է Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից սահմանված վճարը, որը հավասար է բոլորի համար։

Մամուլում պարբերաբար շրջանառվում են խոսակցություններ այն մասին, որ 2018-ի ապրիլից հետո պետական հիմնարկներն իրենց հաշվեկշռի տակ գտնվող տրանսպորտային միջոցների համար ապահովագրական պայմանագրեր կնքելիս նախապատվություն են տալիս քաղաքական իշխանության հետ սերտ կապի մեջ գտնվող ընկերությանը: «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց պետական գնումների համակարգում առկա պետական մարմինների կողմից կնքված բոլոր ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ տիպի պայմանագրերը՝ պարզելու համար, թե որքանով են հիմնավորված այդ պնդումները։

Ուսումնասիրվել են թվով 6 ապահովագրական ընկերությունների հետ 2016 թվականից ի վեր կնքված պայմանագրերը։ Որպես հիմք վերցրել ենք միայն ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ տիպի ապահովագրությունների պայմանագրերը։

Եվ այսպես, ըստ gnumner.am կայքի տվյալների՝ 2016 թվականին թվով 102 ապահովագրական պայմանագրեր են կնքվել 5 ընկերությունների հետ։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 48․5 մլն դրամ։ Հաշվի առնելով հաջորդ տարիներին պայմանագրերի թվի ու դրանց ընդհանուր գումարների աճը՝ կարելի է ենթադրել, որ 2016 թվականի ոչ բոլոր պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունն է տեղադրվել gnumner.am կայքում, քանի որ պետական մարմիններին սպասարկող ավտոմեքենաների թվաքանակի էական աճ չի եղել։

Ի դեպ, 2016-ին վերաբերող տեղեկատվության համաձայն, ավտոմեքենաների ապահովագրության համար ամենամեծ գումարը տրվել է հենց «ՍԻԼ Ինշուրանսին»՝ մոտ 21․3 մլն դրամ։

Հաջորդ տարիներին ավելացել են թե՛ պայմանագրերի թիվը, թե՛ ապահովագրության համար վճարված գումարները։ 

2017 և 2018 թվականներին ապահովագրական ընկերություններից պետական մարմինները նախապատվությունը տալիս էին «Նաիրի Ինշուրանսին», հաջորդող երկու տարիներին «Նաիրի Ինշուրանսին» փոխարինեց «Ինգո Արմենիան»։ 

2021 թվականին ապահովագրության համար վճարված ավելի քան 260 մլն դրամից 136-ը բաժին է ընկել «Ռեգո» («Ռեսո») ապահովագրական ընկերությանը։

Իսկ արդեն 2022 թվականին ապահովագրության համար հատկացված գումարները կտրուկ աճել են՝ դառնալով մոտ ֏350 մլն։ Այստեղ ֏162 մլնը բաժին է ընկնում Ոստիկանության կնքած պայմանագրերին, որից 149 մլնը կնքվել է հենց «ՍԻԼ Ինշուրանս» ընկերության հետ։

Հատկանշական է, որ 2021-ին ևս ոստիկանության մեքենաների ապահովագրության համար ընտրվել էր մեկ ընկերություն․ «Ռեգո» («Ռեսո») ապահովագրական ընկերությանը վճարվել էր ընդհանուր ֏134 մլն։

Ի դեպ, այս խոսակցություններին կառավարության 2023-ի փետրվարի 16-ի նիստում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ի պատասխան ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտնեց, որ պայմանագրերը կնքվել են «ՍԻԼ Ինշուրանսի» հետ՝ հաշվի առնելով վերջինիս կողմից արված նվազագույն գնառաջարկը (խոսքը ԿԱՍԿՈ տիպի ապահովագրության մասին է)։ Ոստիկանության պարզաբանումը՝ ստորև։

Այսպիսով փաստենք, որ վերջին տարիներին աճել են պետական մարմինների կողմից ապահովագրության համար վճարվող գումարները, յուրաքանչյուր տարի նկատվում է ընկերություններից մեկի մասնաբաժնի ավելացում, և իսկապես՝ 2022-ին «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը վճարվել է ընդհանուր գումարի մոտ 48 տոկոսը։ Միևնույն ժամանակ, փաստ է, որ հեղափոխությունից առաջ՝ 2016-ին ևս պայմանագրերի մեծ մասը բաժին է հասել այդ ընկերությանը: 

Սևադա Ղազարյան

Fip.am